Բրիտանական կազմակերպությունը երկրի խորհրդարանին կոչ է արել խզել կապերն Ադրբեջանի իշխանությունների հետ
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Լոնդոնի հարթակ» կազմակերպությունը երկրի խորհրդարանի անդամներին քննադատել է Ադրբեջանում բռնաճնշումների նկատմամբ լռություն պահպանելու, սեփական շահերից ելնելով` Ադրբեջանի իշխանական վարչակազմի հետ հարաբերությունները պահպանելու համար: Նաև կոչ է արել նրանց խզել կապերն այդ պետության իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում անելով սույն կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված «Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներից Ադրբեջանում բռնաճնշումներին դեմ դուրս գալու պահանջ» խորագրով հրապարակմանը:
Թերթը գրում է, որ հրապարակման մեջ նշված է` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին 100 օրից պակաս ժամանակ է մնացել, իսկ Ադրբեջանում շարունակում են ճաղերի հետևում մնալ մի շարք հայտնի անձինք: BP կազմակերպությունն ու Ադրբեջանի իշխող վարչակարգն աշխատում են Եվրոպական խաղերն օգտագործել սեփական դեմքը սպիտակեցնելու նպատակով: Նրանք այդ միջոցառմանն այնքան մեծ նշանակություն են տալիս, որ, չնայած լուրջ տնտեսական խնդիրներին, պարտավորվել են վճարել այդ թվում բոլոր մասնակից երկրների մարզիկների ծախսերը:
Հրապարակման մեջ շեշտված է, որ Ադրբեջանում Եվրոպական խաղերի շեմին քննադատական ձայները լռեցնելու նպատակով մեծ թվով քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, իրավապաշտպաններ են ձերբակալվել: Նրանց նկատմամբ այնպիսի մեղադրանքներ են առաջադրվել, որ այդ հոդվածներով 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման պատիժներ են նախատեսված:
«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներից պահանջում ենք վերջ դնել այս ամենի նկատմամբ լռությանը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Մենք բոլոր խորհրդարանականներին կոչ ենք անում ստորագրել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին ու բռնաճնշումներին վերջ դնելու պահանջով 25 պատգամավորների ստորագրած EDM 718 փաստաթուղթը, և Ադրբեջանի կառավարության առաջ բարձրացնել բոլոր իրավապաշտպաններին ազատ արձակելու ու մարդու իրավունքների հետ կապված միջազգային չափանիշներին հետևելու հարցը»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի, հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Ադրբեջանում բազմաթիվ լրագրողներ, քաղաքական, հասարակական ակտիվիստներ և իրավապաշտպաններ շինծու մեղադրանքներով ձերբակալվել են իշխանություններին քննադատելու համար, իսկ «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Խադիջա Իսմայիլովան ճաղերի հետևում է հայտնվել իշխող ընտանիքի ու բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր կոռուպցիոն գործողությունները բացահայտելու հետևանքով:
Նյութեր թեմայի շուրջ`
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել այդ երկրի միջազգային պարտավորություններին
«Ազադլիգ». Ինչու՞ է հեռացվել Մեծ Բրիտանիայի վարչապետի նամակը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից
Ադրբեջան .Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կոչ է արել արդարացի հետաքննություն իրականացնել
«Ազադլիգ». Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի ընտրությունները կեղծված են անվանել
Մեծ Բրիտանիայի «ապտակը» Ադրբեջանին