Ադրբեջանում գերի ընկած Բաղդասարյանն իր մասին տեղեկություն է փոխանցել հարազատներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այս տարի երկրորդ անգամ են այցելել Ադրբեջանում գերի ընկած Արսեն Բաղդասարյանին: Առաջին այցելությունը կայացել էր փետրվարի 18-ին, իսկ երկրորդը վերջերս էր՝ մարտի 4-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Մեր կազմակերպությունն ըստ իր մանդատի, հակամարտող կողմերի միջև անկախ մարմին հանդիսանալով, այցելություններ է կազմակերպում: Մենք հետևում ենք պահման պայմաններին, քննարկում ենք տեղի իշխանությունների հետ, որպեսզի եթե կա անհրաժեշտություն, շտկեն պայմանները: Մենք նաև ապահովում ենք գերու և նրա հարազատների միջև կապը»,- ներկայացրեց Ամատունին:
Նրա խոսքով, Բաղդասարյանն իր հարազատներին անձնական բնույթի տեղեկատվություն է փոխանցել գրությամբ, որը արդեն տրվել է նրանց:
Նշենք, որ Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին: Ձերբակալությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունները Արսենին մեղադրել են դիվերսիայի և սպանության մեջ: