Չերչիլը կոչեց ցեղասպանություն, իսկ Բլեյրը` ոչ
Անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիքսը շվեյցարական «Լը Թան» թերթին տված հարցազրույցի ժամանակ բողոքել է, որ իր երկիրը հրաժարվում է «1915 թվականի դեպքերը» ցեղասպանություն կոչել: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
«Ժամանակին Անգլիայի վարչապետ Ունինսթոն Չերչիլը 1915 թվականին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն կոչեց, սակայն տարիներ անց մեկ այլ վարչապետ` Թոնի Բլեյրը, մարդու իրավունքներին նվիրված գիտաժողովի և ֆիլմերի փառատոնին ժամանակ հրաժարվեց գործածել ցեղասպանություն բառը»,-ասել է Ֆիքսը` վերհիշելով այն դեպքը, թե ինչպես է Թուրքիայում շրջել Հայոց ցեղասպանությունը վերապրած մեկի հետ և գտել նրա տունը:
«Տան դռները փակ էին: Հրեան, ում տունը Լեհաստանում սպանդի օրերին թալանել էին, այսօր կարող է հետ ստանալ իր ունեցվածքը, սակայն Թուրքիայում ոչ մի հայ դրա իրավունքը չունի»,-ասել է Ֆիքսը` չունենալով այդ հարցի պատասխանը:
Լրագրողը նաև նշել է, որ ներկայում ապրում է Բեյրութում, որտեղ բնակվում է 350 հազար հայ:
«Այստեղ բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, ում պապերը ցեղասպանության զոհ են դարձել: Իսկ իմ սեփական երկիրը ներկայում չի համարձակվում այս ողբերգությունը կոչել բուն անունով»,-ասել է Ֆիքսը: