Դեռևս վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը. Գևորգ Կոստանյան
«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված, ես կարծում եմ, դեռևս վաղ է խոսել և ասել, թե ինչով է պայմանավորված»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող սպանություններին:
«Բայց նկատի ունենալով, որ որպես կանոն դա իր հիմքում ունենում է թե զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանը ուղղված միջոցառումներ, համենայնդեպս, յուրաքանչյուր գործով իրականացվող ավելի համալիր ուսումնասիրությունների, քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր և համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե դա ոստիկանության բացթողո՞ւմն է, Գ.Կոստանյանը նշեց, որ իրենք չեն խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, խոսում են հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու և հանցածին հանգամանքները նվազեցնելու ու վերացնելու միջոցառումների մասին:
«Այս կամ այն միջոցառումն ունի՞ պատշաճ արդյունավետություն, թե ՞ դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ են պետք, դա հընթացս պարզ կլինի»,- ընդգծեց գլխավոր դատախազը:
Պատասխանելով հարցին, թե մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միավորվել են իր դեմ, որպեսզի պաշտոնանկ անեն, Գ.Կոստանյանն ասաց, որ որպես կանոն լուրեր չի մեկնաբանում, բայց վստահ է՝ եթե որևէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ ունի, դա շատ ողջունելի է ու օրինաչափ:
«Ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձը անպայման աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակները կատարելագործել, հուսով եմ դրական իմաստով: Դրա համար որևէ մեկը կարող է ձգտել, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոն ունենալ»,- նշեց գլխավոր դատախազը: