ՀՀ կառավարությունը եվրապարտատոմսեր կթողարկի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի (Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc, J.P.Morgan Securities plc) հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին, CITIBANK, N.A., LONDON BRANCH և CITIBANK N.A., NEW YORK BRANCH ընկերությունների հետ կնքվելիք Ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին:
Ինչպես կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարության կողմից մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Սակայն պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարևոր չէ նաև պարտավորությունների կառավարումը:
Նրա խոսքերով՝ ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ քննարկումների արդյունքներով պատրաստվել են մի շարք փաստաթղթեր: Ըստ Գ.Խաչատրյանի՝ արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից, սակայն այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը և ՀՀ կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը
«Եվրապարտատոմմսերի թողարկումը կառավարությունը կարևորում է նաև այն տեսանկյունից, որ դա միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայությունն ամրապնդում է»,- ասաց նա: