«Չաո ԽՍՀՄ». Նոստալգիա...Երևան
Երևանում վերջին 15 տարվա ընթացքում ոչնչացվեցին, խեղաթյուրվեցին պատմամշակութային արժեք ներկայացնող տասնյակ շենքեր: Դեռ ութ տարի առաջ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը գտել էր այդ շենքերը մարդկանց՝ գոնե հիշողության մեջ պահելու իր այլընտրանքային ձևը՝ լուսանկարել: «Չաո ԽՍՀՄ» ֆոտոնախագծի շրջանակում արդեն ութ տարի է լուսանկարիչն արձանագրում է յուրաքանչյուր շենքի ոչնչացման ընթացքը: Մարտի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվելու է ««Չաո ԽՍՀՄ» ֆոտո ցուցահանդես և անձնական հավաքածուի ցուցադրություն»:
Panorama.am-ի հետ զրույցում Հայկ Բիանջյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է ավելի քան 120 լուսանկար՝ Փակ շուկան, Երիտասարդական պալատը, Արագիլ ռեստորանը, Կրկեսը, Զվարթնոց կինոթատրոնը և այլ շենքեր, ինչպես նաև ոչնչացվող շենքերի մառաններից հայտնաբերած իրար, փաստաթղթեր:
«Զվարթնոց կինոթատրոնից կինոժապավենների մի ամբողջ հավաքածու եմ գտել, Դվին հյուրանոցի մառանից՝ արխիվային փասաթղթեր, կրկեսից՝ պատվոգրեր: Եթե ես դրանք չհայտնաբերեի, վաղուց արդեն աղբի էին վերածվել»,- ասաց լուսանկարիչ:
Ցուցահանդեսին բացմանը ներկայացելու է նաև ֆիլմ՝ պատրաստված Հ. Բիանջյանի նկարած տեսանյութերի հիման վրա:
«Այս ցուցահանդեսով ուզում եմ ցույց տալ, որ քանդվեցին խորհրդային շրջանում կառուցված մի շարք շենքեր, որոշները դեռ պետք է քանդվեն: Միգուցե հնարավոր լինի կանխել մի երկուսի ոչնչացումը: Այդ շենքերը, ներկայացված առարկաները մի ամբողջ սերնդի հիշողություն են իրենց մեջ պարունակում»,- ասաց Հայկ Բիանջյանը՝ հավելելով, որ մարտին 28-ին երևանյան նոստալգիկ օր է սպասվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները