Իրանի նախկին նախագահը պարտություն է կրել Բանիմացների խորհրդի նախագահի ընտրությունում
«Իրանի Բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) նախագահ է ընտրվել այաթոլլահ Մոհամմադ Յազդին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո երկրի առաջնորդը նշանակվում է Բանիմացների խորհրդի կողմից։ Սույն Խորհրդի անդամ բարձրաստիճան հոգևորականները խորհրդակցություններ են անցկացնում հոգևոր առաջնորդի բոլոր թեկնածուների հետ և այն թեկնածուն, որը համապատասխանում է Սահմանադրության 5-րդ և 109-րդ հոդվածների պահանջներին, ճանաչվում է որպես իսլամի և սոցիալ-քաղաքական հարցերով ամենագիտակ մարդ և Բանիմացների խորհրդի կողմից ընտրվում երկրի առաջնորդ։
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Բանիմացների խորհրդի նախագահի ընտրությանը մասնակցել են ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, այաթոլլահ Մոումենը, այաթոլլահ Հաշեմի Շահռուդին և այաթոլլահ Մոհամմադ Յազդին:
Ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախկին նախագահը ստացել է 24, իսկ Մոհամմադ Յազդին՝ 47 ձայն՝ ընտրվելով Բանիմացների խորհրդի նախագահ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերից Բանիմացների խորհրդի նախկին նախագահ այաթոլլահ Մահդավի Քանիի մահից հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել: