Իմ կենսագրության մեջ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ և չկատարեմ. Գևորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ուրբաթ օրը պատրաստ է ընդունել Ավետիսյանների հարազատներին:
«Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է, և ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան»,- ասաց Գ.Կոստանյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ՌԴ գլխավոր դատախազին նամակ գրելուց և այդ նամակի պատասխանը չստանալուց հետո արդյոք բարոյական չէ՞ Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում գրելը, Գ.Կոստանյանը հարցին երկու հարթությամբ պատասխանեց՝ բարոյական և մասնագիտական:
«Ւմ կենսագրության մեջ թե պաշտոնական գործունեության, թե անձնական հարթության մեջ, երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ և դա չկատարեմ, քանի որ ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ի վիճակի եմ իրագործելու: Ավելին` ես երբեք չեմ տվել և չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով կամ իմ գործողությունների բովանդակությամբ»,- ասաց գլխավոր դատախազը` հավելելով, որ իր բոլոր խոստումները ձայնագրվել են, ուստի առաջարկում է նման հարցադրումներ տալուց առաջ էլեմենտար համադրություն անցկացնել:
Անդրադառնալով հարցի մասնագիտական կողմին, Գ.Կոստանյանն ասաց, որ դիմելու փաստը ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, քանի որ հարցն ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ, հետևաբար միայն ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել ելքը:
«Եւ ես բազմիցս ասել եմ, որ հարաբերությունները երկկողմանի, առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված, հետևաբար այդ պայմանագրերով կան համապատասխանող ընթացակարգեր: Միայն այդ ընթացակարգերը սպառվելուց հետո մենք կարող ենք խոսել այս կամ այն հարցի արդյունքի մասին: Այդ առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական կողմն իր oրենսդրության ընթացակարգերին համապատասխան իրացրել է իր հնարավորությունները և հիմա ՌԴ-ի կողմից ստացվող արձագանքի արդյունքում` մենք կքննարկեն մեր հետագա քայլերը: Այսինքն` պատասխանը կարող է վերջ չդնել ընթացակարգին, քանի որ դրան կարող են հետևել նույն միջազգային պայմանագրով սահմանված բազմաթիվ այլ ընթացակարգեր, հետևաբար խոսել դրանց արդյունավետության մասին, կարծում եմ, որ շատ վաղ է»,- ասաց Գ.Կոստանյանը` ընդգծելով, որ պետք չէ խոսել ժամկետային սահմանափակումների մասին:
Գլխավոր դատախազը նաև նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանի ժամկետը 30 օր է, միջազգային պայմանագրերով որևէ ժամկետ սահմանված չէ, ուստի Հայաստանը չի կարող ներազդել այլ պետության վրա` կապված ժամկետի հետ:
Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ գլխավոր դատախազությունից պատասխանել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, Գ. Կոստանյանը նշեց. «Տարբերությունն այն է, որ Զ. Փոստանջյանը դիմել է որպես քաղաքացի կամ ֆիզիկական անձ, ուստի չեմ կարող քննարկման առարկա դարձնել Փոստանջյանի կամ մեկ այլ անձի ներկայացրած դիմումի պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել ՌԴ գլխավոր դատախազին, քննչական ծառայությանը, և նրանց տրված պատասխանները մեկնաբանելու անհրաժեշտություն անգամ չեմ տեսնում, քանի որ իմ հարցերին պաշտոնապես դեռ պատասխան չունեմ»:
Հարցին, թե ինչ է գրել Գ. Կոստանյանը ՌԴ դատախազին ուղարկած իր նամակում, նա պատասխանեց` նամակը, որը ծառայողական ու նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալներ է պարունակում, չի կարող հրապարակվել:
Պատասխանելով մեկ այ հարցի, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ Վալերի Պերմյակովը սկզբում որպես հոգեպես առողջ մարդ ներկայացվեց, բայց հիմա ռուսական կողմն այլ վարկած է առաջ քաշում և ցանկություն ունի գործը կոծկել, Գ. Կոստանյանն ասաց, որ դրանք ընդամենը կարծիքներ են, իսկ հիվանդության առկայության կամ բացակայության փաստը հիմնավորվում է Քրեական դատավարական օրենքով իրականացված փորձաքննության եզրակացությամբ: «Իսկ մյուս կարծիքները քննության համար զրո նշանակություն ունեն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում