Բրուցելոզի վերահսկմանն առնչվող հարցեր
Այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վադանյանը հանդիպել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի խորհրդատու, Մերելանդի համալսարանի տարածքային անասնաբուժական քոլեջի տնօրեն Վալերի Ռագանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել բրուցելոզ հիվանդության վերացման ծրագրի մշակման նպատակով:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նախ ծանոթացել են անասնաբուժասանիտարական վերահսկողության՝ մեր երկրում գործող համակարգերին, այնուհետև հայ գործընկերների հետ քննարկել են բրուցելոզի վերահսկման համատեղ ծրագրի ստեղծմանն առնչվող հարցեր: Ծրագիրը, ըստ Վալերի Ռագանի, ուղղված է հիվանդությունների դեմ պայքարի ու դրանց կանխարգելման աշխատանքների բարելավմանը: Այս նպատակով առաջիկայում ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում տեղի են ունենալու համաճարակաբանական դասընթացներ անասնաբույժների համար, որոնց կմասնակցեն ներկայացուցիչներ նաև Հայաստանից:
Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ ՍԱՊԾ-ն, որպես լիազոր մարմին, արդյունավետ է համարում համագործակցության այս ձևաչափը և պատրաստ է աշխատել միջազգային կառույցների հետ: Քանի որ հանրապետությունում վարջերս նկատվել են բրուցելոզի եզակի դեպքեր և այն զոոնոզ հիավանդություն է, բանախոսը հատկապես կարևորել է դրա կանխարգելման համար միջազգային փորձն ու մասնագիտական խորհուրդները, որոնք կարող են օգտակար և ուսանելի լինել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի փոխհամագործակցության շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր, կողմերն անդրադարձան ոլորտի օրենսդրական վերջին կարգավորումներին՝ «Անասնաբուժության մասին » փոփոխված օրենքին և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» նոր օրենքին, պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան