The New York Times. Մրցանակ` հայերին ցեղասպանությունից փրկողներին
Սփյուռքահայ գործիչները, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին են պատրաստվում, Հոլիվուդի հայտնիների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ մրցանակ են սահմանել բոլոր նրանց համար, ովքեր օգնել են հայերին փրկվել ցեղասպանությունից: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ` մարդասիրական մրցանակը այսօր ներկայացվելու է Նյու-Յորքում: Այն հանդիսանում է հայերի կողմից գործադրված հսկայական ջանքերի մի մասը և նպատակ ունի ի ցույց դնել, որ Օսմանյան թուրքերի կողմից իրագործված և ժամանակակից Թուրքիայի կողմից կասկածի տակ առնվող Հայոց ցեղասպանությունը փաստագրված է նաև ցեղասպանությունից փրկվածների և նրանց փրկողների մասին պատմություններով: Պարբերականը հիշեցնում է, որ համանման մրցանակ ունեն նաև հրեաները, որով հարգանքի տուրք են մատուցում Հոլոքոստի ժամանակ հրեաներին օժանդակություն ցուցաբերած մարդկանց:
Մրցանակը նաև կոչված է շեշտադրելու ցեղասպանությունից փրկված հայերի կյանքի հաջող պատմությունները, որոնք ներառելու են նաև փրկվածների հետնորդներին:
«Բազմաթիվ հայերին փրկածների մարդասիրությունը, մեծահոգությունը և ուժը մեզ ստիպում են պատմել այս պատմությունները»,- պարբերականը մեջբերում է ռուսաստանաբնակ բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը:
Պարբերականի փոխանցմամբ` բացի ցեղասպանությունից փրկվածներին և նրանց փրկողներին հարգանքի տուրք մատուցելուց, սահմանվելու է նաև 1 մլն դոլար արժողությամբ «Ավրորա» անվանումը կրող «Մարդկության զարթոնքը» խորհրդանշող մրցանակ, որի հանձնումը կսկսվի հաջորդ տարվանից: Մրցանակակիրները գումարը չեն պահելու իրենց, այլ փոխանցելու են այն կազմակերպություններին, որոնք իրենց ոգեշնչել են ստեղծագործելիս: Մրցանակը կրում է ցեղասպանությունից մազապուրծ եղած Ավրորա Մարդիգանյանի անունը, ով 1915 թվականին ականատես է եղել իր ընտանիքի բոլոր անդամների սպանությանը:
Պարբերականի փոխանցմամբ` նախաձեռնության անդամները և գործարար Ռուբեն Վարդանյանը համագործակցում են Ջորջ Քլունիի և հոլիվուդյան այլ հայտնիների` Դոն Չիդլեի, Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի կողմից հիմնադրված կազմակերպության հետ: Այդ համագործակցության մասին, ըստ պարբերականի, հայտարարել է նաև Ջորջ Քլունին:
Մրցանակի տրամադրման հանձնաժողովի անդամների թվում են Ջ. Քլոնին, Նոբելյան մրցանակակիրներ Էլիե Վիեսելը, Օսկար Արիասը, ԱՄՆ նախկին պաշտոնյաներ Մերի Ռոբինսոնը, Գարեթ Էվանսը, իրանահայ մտավորական Վարդան Գրեգորյանը:
Անդրանիկ մրցանակի շնորհումը տեղի կունենա 2014 թ ապրիլին Երևանում պաշտոնական արարողության ժամանակ: Այն կշնորհի Ջ. Քլունին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան