Հրդեհի հետևանքով «Մասիս տոբակո»-ն լուրջ վնաս չի կրել. Վ.Բրուտյան
«Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուծաժներ չկան, գործարանը լուրջ վնաս չի կրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը։
«Թղթի թափոնների վերամշակման հատվածում մեկ հաստոց կա, որը մամլիչի դեր է կատարում, փաթեթներ է սարքում: Բռնկվել է հաստոցի վրա եղած թուղթը: Հասցրել են հաստոցը դուրս բերել արտադրական տարածքից: Արտադրական տարածքը չի վնասվել: Դուրս բերելուց հետո թղթի թափոնի մի հատվածը ու այդ տարածքում գտնվող աղբն է բռնկվել: Շատ արագ մարվել է: Բացարձակապես, ընկերությունը լուրջ վնաս չի կրել, արտադրանքը չի վնասվել, տուժածներ չկան»,- նշեց նա:
Մարտի 9-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնի տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը: