Արմեն Մարտիրոսյան. Եթե երկրում ընդդիմություն չլինի, խայտառակ վիճակ կլինի
«Հայաստանում ընդդիմություն կա և ամենամեծ և ուժեղ ընդդիմությունը ժողովուրդն է: Քաղաքական դաշտում ևս ընդդիմադիր ուժեր կան, այնպես չէ որ միանգամից ամայացավ այդ դաշտը, այլ հարց է, որ ընդդիմությունը որոշակիորեն թուլացավ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես ընդդիմադիր դաշտում, ստեղծված նոր իրավիճակը:
Միաժամանակ նա նշեց, որ եթե երկրում ընդդիմություն չլինի, խայտառակ վիճակ կլինի. «Դա ավելի շուտ ոչ թե քաղաքական իրավիճակ է, այլ քաղաքական դիագնոզ, որ երկիրը գտնվում է տոտալիզմի կամ բռնապետության շեմին»:
«Ցանկացած դեպքում հույս ունեմ, որ Հայաստանում ոչ թե քաղաքական ախտորոշման վիճակ կլինի, այլ նորմալ քաղաքական դաշտ՝ իշխանություն, ընդդիմություն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորմանը, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ դա քննարկումների խնդիր է և քաղաքական հետագա գործունեության արդյունք:
«Գործընթացներն իրենք ցույց կտան՝ ընդդիմադիր ուժերը կարո՞ղ են միավորել, թե՞ ոչ: Ցանկացած պարագայում «Ժառանգության» համար մշտապես էական է եղել ոչ թե ձևի, այլ բովանդակության հետևից գնալը: Եթե ունենք խնդիր և լուծման ուղղությամբ միևնույն տեսակետներ, համագործակցության կողմնակից ենք»,- նշեց նա:
ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, ըստ Ա. Մարտիրոսյանի, նույնպես իրատեսական է. «Հաջողություն եմ մաղթում գործընկերներին քաղաքական գործունեության մեջ: Այս դեպքում էլ, ինչպես մյուս դեպքերում, համագործակցությունը տեսնում ենք խնդիրների և դրանց լուծման շուրջ միասնական տեսակետների դիրքերից»:
Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հստակություն չկա, քաղաքական պրոցեսները չեն երևում, թե որ ուղղությամբ կգնան, իսկ վերջին գործընթացներից հետ, նրա կարծիքով, երկիրը ծանր վիճակում է հայտնվել. «Ոչ միայն ընդդիմությունը պարտվեց, նաև իշխանության մոտ որևէ ռեսուրս չավելացավ հասարակության վստահության առումով, եթե չասեմ նվազեց, միջազգային հեղինակության առումով էլ այս պրոցեսները շատ մեծ հարված են հասցնելու Հայաստանին: