Հայաստանը կմիանա Ղրղզստանին ԵՏՄ-ում ընդգրկելու մասին արձանագրությանը
Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետը նախագահ Պուտինին առաջարկել է արձանագրություն ստորագրել, որով Հայաստանը ևս կմիանա Ղրղզստանի Հանրապետության` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրին: Այս մասին հաղորդում է «Ռոսիսկայա Գազետա»-ն:
Խնդիրը նրանում է, որ Հայաստանը չի ստորագրել արձանագրությունը, որով նախատեսվում է Ղրղզստանի Հանրապետությունն ընդգրկել Եվրասիական Տնտեսական Միության կազմի մեջ: Պատճառն այն է, որ այն ստորագրվել է ԵՏՄ-ի մյուս անդամների կողմից դեռևս 2014թ.-ի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին ավելի ուշ` 2015թ.-ի հունվարի 2-ին:
Ավելացնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների համաձայն 2013թ-ին Մաքսային միության անդամ երկրների միջև ընդհանուր շրջանառությունը կազմել է 64,1 մլրդ. դոլար: Ընդ որում`շրջանառության 50%-ը տեղի է ունեցել ռուբլիով, 40%-ը` դոլարով, 8-9%-ը` եվրոյով և 1%-ը` այլ արժույթներով: