Հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ: Այս մասին տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:
«Գիրքս նվիրում եմ այս սքանչելի երկրի` Միացյալ Նահանգների բոլոր այն մայրերին ու հայրերին, ովքեր իրենց դուստրերին դաստիարակել են ճշմարիտ հավատով առ Աստված:
Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:
Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստված… իմ փրկության համար:
Ավրորա Մարդիգանյան
Լաթամ, Նյու Յորք դեկտեմբեր, 1918 թ.»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան