«Քար անտարբերություն». տունը կորցրած բանաստեղծը հուսահատ վիճակում է
Գրողների միության անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը, որին 14 հոգանոց բազմանդամ ընտանիքին վտարում են իր տնից, շարունակում է անորոշ վիճակում ապրել, նրան ոչ մեկ օգնության ձեռք չի մեկնել:
«Քար անտարբերություն, անորոշ վիճակ է, չգիտեմ՝ ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Հազար տեղ եմ դիմել, էլ ի՞նչ անեմ, ասեք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուսահատ բանաստեղծը:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Հովհաննես Ղազարյանի պատմությանը. նա և իր 13 հոգանոց ընտանիքը (որդին ու կինը հաշմանդամ են, ընտանիքում ունեն 6 անչափահաս երեխաներ) հանգամանքների բերումով հայտնվել է տունը կորցնելու վտանգի առաջ: Նա բաց նամակ էր տարածել, որտեղ գրել էր, որ խաբեության հետևանքով կորցրել էր բնակարանը, հետո ընկերը առաջարկել էր տարածք և երկար տարիների ընթացքում այդ տարածքում այգի են հիմնել, տուն կառուցել ու ընկերոջ մահից հետո նրա կինը դուրս է հանում այդ տարածքից: Բանաստեղծը բաց նամակով դիմել էր մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն դուրս գալ ծայրահեղ վիճակից: Գրողների Միությունը ոչնչով չի օգնել. ԳՄ նախագահն ընդամենը կառավարությանը նամակ է գրել՝ խնդրելով «դոմիկ» տրամադրել:
Սակայն, ինչպես ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, կառավարությունից որևէ արձագանք չկա: Ղազարյանի ճակատագրին և նրան օգնելու այլ ձևերի վերաբերյալ մեր մյուս հարցերին Միլիտոնյանը հրաժարվեց պատասխանել:
Հովհաննես Ղազարյանը կարծում է, որ Գրողների միությունը կարող է օգնել, բայց չգիտես՝ ինչու ոչինչ չի անում:
«Գրողների միության նախագահը ոչ մեկին չի ցանկանում դիմել: Ավետիք Իսահակյանը, Հրանտ Մաթևոսյանը էդպես է՞ին վարվում: Հրանտ Մաթևոսյանին որ գրողը դիմում էր օգնության համար, ոչ մի մերժում չէր ստանում. զանգում էր այս ու այն տեղ, իր գրողի համար օգնություն էր խնդրում», -ասաց Ղազարյանը:
Այս պահին նրանց ընտանիքը շարունակում է ապրել ընկերոջ կնոջը պատկանող կացարանում, որը նա առաջարկել է գնել իրենից:
«Մեր արած-դրածը ուզում է վաճառել մեզ: Գոնե մի բարեգործ լիներ, օգներ: Անորոշությունից չգիտեմ՝ ինչ անել: Բանաստեղծին այդպե՞ս են վերաբերվում, իզո՞ւր եմ ծառայել գրականությանը, տառապանք եմ դրել այդ ամբողջ գործի մեջ: Դառնություն եմ զգում...», -ասաց Ղազարյանը:
Նրա գրչակից ընկերը՝ Գրողների միության անդամ, արձակագիր Վանուշ Շարմազանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ղազարյանը շատ վիրավորված է:
«Բոլորը կարծում են, թե մուրացկանության խնդիր է, բայց ոչ նա շատ վիրավորված է: 14 հոգին մեր երկրի համար քիչ մարդ չէ», -նկատեց արձակագիրը:
Նախորդող հրապարակում՝
Գրողների միության նախագահը կառավարությունից «դոմիկ» է խնդրել տնից վտարված բանաստեղծի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները