Բուդաղյանների փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ նախորդ տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (արդար դատաքննության իրավունք) և 2-րդ (անմեղության կանխավարկածի իրավունք), կետերի, 2-րդ (պետությունը սպանության հետ կապված գործի քննությունը պատշաճ չի իրականացրել) և 10-րդ (պետությունը չի տրամադրում տեղեկություններ, որի ստանալու իրավունքն իրեն ունեն) հոդվածների խախտումները:
«Կոնվենցիայի 10-րդ կետի խախտում ենք արձանագրել, քանի որ գրավոր դիմել էի նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այն տեղեկատվությունը, թե արդյո՞ք նախագահը, նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, ինչի մասին տեղեկատվություն հայտնվել էր մամուլում: Նրանք հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Ալումյանն ասել էր, որ եթե հաստատվի այդ տեղեկությունները, ապա հասկանալի է, որ նման պայմաններում չի կարող գործը լիարժեք, հավասար պայմաններում քննվի: «Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարելի է դիմել այն ժամանակ, երբ սպառված են լինում ներպետական բոլոր ատյանները բացառությամբ այն դեպքերում, երբ ներպետական ատյաններն այս կամ այն գործով քեզ համար արդյունավետ պաշտպանության միջոց չեն: Սա հենց այն դեպքն է, որ մեր ներպետական ատյաններն այս գործով արդյունավետ պաշտպանության միջոցներ չեն»,- հայտարարել էր փաստաբանը:
Հայկ Ալումյանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ում գործի քննությունը արագ կլինի. «Դեռ չգիտեմ՝ երբ պատասխան կստացվի, բայց հույս ունեմ, որ գործի քննությունը տեղի կունենա բավականին արագ, քանի որ ՄԻԵԴ-ում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել և ընթացակարգերը բավականին արագացել են»:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
Ներպետական ատյանները չսպառած՝ Բուդաղյանների փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը