Վենեսուելայի նախագահը արտակարգ լիազորություններ է պահանջում ԱՄՆ-ին դիմակայելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է երկրի խորհրդարանին իրեն արտակարգ լիազորությամբ շնորհելու խնդրանքով։ Խոսքը, մասնավորապես, գնում է օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու իրավասության մասին։ «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, Մադուրոն նման անհրաժեշտությունը բացատրել է ԱՄՆ-ի հետ ընթացիկ դիմակայության համար։
«Ես եկել եմ այս օրինագիծն ընդունելու խնդրանքով, որպեսզի կարողանամ դիմակայել իմ հրաշալի ժողովրդի նկատմամբ աշխարհի հզորագույն պետության` Միացյալ Նահանգների սանձազերծած ագրեսիան», - հայտարարել է Մադուրոն, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Հաղորդագրության համաձայն, խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կսատարի նախագահի նախաձեռնությունը, հաշվի առնելով օրենսդիր մարմնում իշխող կուսակցության մեծամասնությունը։ Վենեսուելայի ընդդիմությունը, ընդհակառակը, քննադատել է Մադուրոյի նախաձեռնությունը, այն համարելով «իշխանության զավթում», իսկ Միացյալ Նահանգների հետ դիմակայությունը տնտեսական խնդիրներից ազգաբնակչության ուշադրությունը շեղելու փորձ։
Նշենք, մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի յոթ պաշտոնյաների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։ Վենեսուելան ի պատասխան հետ էր կանչել Վաշինգտոնում իր գործերի հավատարմատարին։