Արծվիկ Մինասյան. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում
Հ.Յ. Դաշնակցության ներկայացուցիչները Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում:
«Ավելին՝ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը` նշելով, որ իրենց առաջարկներին անդրադարձ կլինի, որովհետև դրանք հիմնավորված են:
Հիշեցնենք, ՀՅԴ-ն հանդես է եկել գնահատականներով ու առաջարկներով ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` 2014թ. հոկտեմբերին հրապարակված հայեցակարգ վերաբերյալ:
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո նախագահը կհայտնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Դրանից հետո արդեն պարզ կլինեն թե ժամկետները, թե սամանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակման փուլերը»,- ասաց Ա. Մինասյանը:
Պատգամանովրի դիտարկմամբ, լիակատար համաձայնություն կա այն առումով, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժաշտություն կա. «Հայաստանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման համակարգերում, անկախ դատական համակարգում, իշխանությունների թևերի հավասարակշռման և փոխադարձ զսպումների ոլորտում, ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ տեսակետները համընկնում են»:
Ըստ նրա, կենտրոնականն այստեղ կառավարման համակարգի փոփոխությունն է. «Այն, որ Հայաստանի խորհրդարանի հիմքը պետք է լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգը, առարկություն չկա»:
Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումներն երբեմն ներկայացվում են շատ պրիմիտիվ մակարդակում, սակայն իրականում դրանք խորքային բարեփոխումներ են, որոնց իրականացումից հետո Հայաստանի քաղաքացին զգալու է դրական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ այսօր սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Միավորված աշխատանքային» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: