Թաթարստանում տուժած հայեր չկան
Թաթարստանի մայրաքաղաքի առևտրային կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Նշենք, որ մարտի 11-ի կեսօրին մոտ հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի Կլարա Ցետկինի փողոցի տուն 8 հասցեում գտնվող «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում:
Տուժածների ու մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ հրդեհի առաջացման պատճառ են դարձել էլեկտրալարերը:
Վերջին տվյալներով, տարհանվել է 200, տուժել է 40, մահացել 4, հոսպիտալացվել է 14 մարդ:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ: Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում: Հրդեհի մարմանը մասնակցել է ВСУ-5 ջրամղիչ սարքով ուղղաթիռ և հրշեջ գնացք: Պատահարի հետևանքների վերացմանը մասնակցել են մոտ 200 մարդ, 45 միավոր տեխնիկա, երեք ուղղաթիռ և հրշեջ գնացք: Բռնկված հրդեհի տարածքին հարակից շրջանում երթևեկությունը սահմանափակվել էր:
Նշվում է, որ «Ադմիրալ»-ը Կազանի ամենամեծ ու ամենաէժան առևտրային կենտրոններից մեկն է: Ընդհանուր մակերեսը 20 հազար քմ է, եռահարկ շենքում վաճառվում է հագուստ, կոշիկեղեն, սպառողական այլ իրեր, գործում են սրճարաններ, ռեստորաններ, հազար տեղանոց ավտակայանատեղի: