Եվրախորհրդարանը անդամ երկրներին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը
Եվրոպական Խորհրդարանը մարտի 12-ին ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2013թ-ի ամենամյա զեկույցը: Այս մասին հաղորդում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կայքը:
Զեկույցի որոշ դրույթներ վերաբերում են Հայաստանին, որոնցից, մասնավորապես` առանձնանում է հետևյալ հատվածը, որտեղ Եվրախորհրդարանը «կոչ է անում բոլոր անդամ երկրներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ճանաչել այն և հորդորում է անդամ պետություններին ու ԵՄ հաստատություններին շարունակել ներդրում ունենալ դրա ճանաչման գործում»:
Կայքը նաև տեղեկացնում է, որ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է Եվրախորհրդարանի այս զեկույցը: Կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան այս կապակցությամբ, մասնավորապես` ասել է. «Երկար դադարից հետո Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և կրկին անգամ հաստատում է, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը մարդու իրավունքներին են վերաբերում: Այս կարևոր տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդին Եվրոպայի կողմից զորակցելու նման նշանակալի ազդանշանի համար»:
Եվրախորհրդարանի զեկույցը հատուկ շեշտադրում է կատարում ԵՄ հետ համագործակցող երկրներում մարդու իրավունքների պաշտապանվածության վրա: Զեկույցում նշվում է, որ «ավելին` ավելիի դիմաց» կարգախոսը պետք է գործի բոլոր գործընկեր երկրների համար, և եթե մարդու իրավունքները ոտնահարվում են այդ երկրներում, ապա ԵՄ-ն պետք է չխուսափի նրանց հետ հարաբերությունները սառեցնելուց:
«Գործնականում դա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը չի ցանկանում, որ Եվրամիությունը զիջումների գնա մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում, երբ համագործակցում է երրորդ երկրների հետ», - մեկնաբանել է Լորենցո Օչոան:
Ընդունված զեկույցը նաև անդարդառնում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների վիճակին, որոնց թվում խոսվում է նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների մասին: Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և դրա անդամ երկրներին ապահովել պայմաններ, որպեսզի կրոնական փոքրամասնությունները պաշտպանված լինեն ամբողջ աշխարհում, մասնավորապես` Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, այդ թվում` կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիները և մուսուլմանները հալածվում են ԻՊ-ի և այլ տեռորիստական կազմակերպությունների կողմից»:
Զեկույցը պատրաստվել է Պյեր Անտոնիո Պանցերիի կողմից և ընդունվել է հանձնաժողովի կողմից: Այն Եվրոպական խորհրդարանում հրապարակվելու է մոտակա օրերին: