Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ
«Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ»,-այդ մասին հաղորդում է «Հայելի.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքներին, նշել է, որ ապրիլին ԻԻՀ Մեջլիսի հայ և ասորի պատգամավորներն իրենց ելույթներով կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը:
Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ ավելի քան հարյուր նամակ է ուղարկվել Մեջլիսի պատգամավորներին, որոնց հորդորվել է ուղերձներով հանդես գալ կամ հայտարարություն տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
«Պետք է փորձենք հանդիպել նաև պետական պաշտոնյաներին` հասկանալու, թէ ի՞նչ խոչընդոտներ կան Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը:
Ապրիլի 21-27-ը թեհրանահայերը հռչակել են հիշատակի շաբաթ: Իրանի մայրաքաղաքում նախատեսվում է կազմակերպել ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն, քայլարշավ և այլ միջոցառումներ: