Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
«Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Հանրապետության Նախագահը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Քննարկումները կշարունակվեն երեկոյան` Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները»,-նշված է հաղորդագրությունում: