Ադրբեջանում իսլամականների հավաքագրման արեալը ընդլայնվում է
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մարտի 11-ին տարածած տեղեկատվության, որոնք հղում էին անում Ադրբեջանի ՆԳ մամուլի ծառայությանը՝ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է իսլամական ծայրահեղ արմատական խմբավորում, որը ձբաղվել է ադրբեջանցի ջիհադականների հավաքագրմամբ և վերջիններին դեպի Մերձավորարևելյան տարածաշրջան տեղափոխմամբ :
«Ադրբեջանում զգալի է իսլամական արմատական տրամադրությունների աճը»,-մեկնաբանելով ադրբեջանցի ջիհադականների ակտիվությանն առնչվող ադրբեջանական ԶԼՄ-ներում հաճախակի տեղ գտած հրապարակումները՝ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի՝ ադրբեջանական համացանցային ռեսուրսներում տեղ գտած երեկվա տեղեկությունը, ուշադրության արժանի է, քանզի ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերացիան տեղի էր ունեցել Ադրբեջանի Տերտերի շրջանում: Գիտենք, որ իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների աճ է նկատվում երկրի հյուսիսային շրջաններում: Սակայն, վերջին տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում և Իրաքում ջիհադական պայքար վարելու նպատակով ադրբեջանցի իսլամականներ են հավաքագրվում երկրի արևմտյան շրջաններից, մասնավորապես՝ Տերտերից, ինչն էլ, ըստ արաբագետի, խոսում է Ադրբեջանում իսլամականների հավաքագրման արեալի ընդլայնման մասին:
Տարածված տեղեկության մեջ ուշագրավ մյուս հանգամանքն այն է, որ ձերբակալված իսլամականների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկներ: Հետևաբար կարելի է փաստել, որ Ադրբեջանում իսլամականների գործողությունները չեն սահմանափակվում զուտ նոր ջիհադականների հավաքագրմամբ, այլ նաև ենթադրում են ահաբեկչական ակտիվ գործողություններ, այդ թվում նաև պայթուցիկների կիրառմամաբ, հենց Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանցի ջիհադականների ակտիվության մասին լուրերը նոր չեն, սակայն, թվաքանակի առումով, ադրբեջանցիները զարմացնում են: Մոտ 9մլն. բնակչություն ունեցող Ադրբեջանի համար Մերձավորարևելյան տարածաշրջանում 500-ից ավել ակտիվ զինյալներ, բազմաթիվ սպանված ջիհադականներ և ռազմական փորձով Ադրբեջան ետ վերադարձած տասնյակ իսլամականներ ունենալը ճոխություն է, որը կարող է սպառնալիքի վերածվել ոչ միայն ալիևյան վարչակարգի համար: Նման ցուցանիշներով Ադրբեջանը մոտենում է բնակչության թվաքանակով մի քանի անգամ իրեն գերազանցող Ֆրանսիային, Գերմանիային ու Ռուսաստանին՝ եզրափակեց արաբագետը: