Միասնական արժույթի մասին դեռ վաղ է խոսել. Վիլեն Խաչատրյան
ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթին անցնելու համար նախ պետք է մի շարք գործընթացներ անցնել, սակայն այսօր այդ մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները: Ընդ որում, Պուտինի այս հանձնարարությունը պետք է իրականացվի ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների (Բելառուս, Ղազախստան, Հայաստան) կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015թ.-ի սեպտեմբերի 1-ը:
«Մինչև ԵՏՄ անդամ երկրները իրենց ինտեգրացվածության մակարդակը չմեծացնեն, այդ թվում` բանկային, ֆինանսական համակարգի ինտեգրացվածությունը, ապա խոսել այն մասին, որ կձևավորվի միասնական արժույթ, կարծում եմ, որ ճիշտ չէ: Առանց տնտեսական ինտեգրացիայի բավականին դժվար է նման գործընթացներ սկսել, քանի որ դա կբերի բացասական հետևանքների»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Նրա խոսքերով` Բելառուսը օրը մեջ ասում է, թե եթե պայմանները իրեն չբավարարեն, ապա դուրս կգա ԵՏՄ-ից: Այսինքն` նման հայտարարություններ անող երկրների հետ ինչպե ՞ ս կարելի է անցնել միասնական արժույթի: «Սա բավականին բարդ գործընթաց է, առնվազն երեք տարի պետք է, որպեսզի այդ երկրները համոզվեն, որ իրենք մնում են ԵՏՄ-ում: Կարծում եմ, որ սա նաև ինֆորմացիա է, որպեսզի մարդկանց «ականջները» սովորեցնեն, որ նման երևույթ կարող է լինել և հոգեբանորեն պատրաստվեն այդ մտքին»,- նշեց տնտեսագետը:
Ըստ Վ.Խաչատրյանի` նաև որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ երկրներն իրենց ազգային դրամը փոխարկեն այլ արժույթի: «Նախ դրա համար պետք է լինի նաև փաստաթղթային, իրավական հիմնավորվածություն»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետ նշեց նաև, որ այստեղ նաև երկրի տնտեսական սուվերեյնության հարցն է դրված: «Այսինքն` գնալով զիջումների, միասնական այլ կենտրոնից կկարգավորվի քո դրամավարկային քաղաքականությունը: Դա նաև նշանակում է, որ տվյալ երկրների կենտրոնական բանկերը պետք է ունենան նույն քաղաքականությունը: Օրինակ` վերջին ամիսներին ռուսական ռուբլին արժեզրկվեց 40 տոկոսով, հայկական դրամը` 20 տոկոսով, իսկ այս դեպքում նշանակում է, որ երկու երկրում էլ արժեզրկումը պետք է լինի 40 տոկոս»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Նախորդող հրապարակում`
Ռազուվաև. Միասնական արժույթը ռուբլուն կարող է փոխարինել 2016-ի հունվարի 1-ից
Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական տարադրամի սահմանման հնարավորությունները
«Նախկին խորհրդային երկրներն այժմ զգում են Պուտինի ռուբլու ցավը». Bloomberg
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան