Ջեյմս Ուորլիք. Բանակցությունների գործընթացում հարկ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը
Բանակցությունների ընթացքում հարկ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: Հենց այդ պատճառով էլ համանախագահներն այցելում են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ինչպես ասվում է նյութում, նրա խոսքերով` հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից ի վեր այն կայունացել է:
«Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը` խաղաղ բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ստեղծելու նպատակով»,- նշել է նա:
Ամերիկացի համանախագահը նաև նկատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպումների ընթացքում հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը հակված լինելը` հայտարարելով, թե հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի ամրապնդման առնչությամբ առաջարկները:
«Մեր առաջարկները կկանխեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Մենք հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ այս և մյուս հարցերի շուրջ»,- ասել է նա` հավելելով, որ ընդունելի ժամանակահատվածում իրենք ծրագրում են կազմակերպել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը և նրանց հետ սերտ կապեր են պահպանում. չնայած նրան, որ նմանատիպ հանդիպումներն իրենք օգտակար են համարում, հանդիպել, թե ոչ` որոշում են նրանք` նախարարները:
Պատասխանելով ԱՊԱ-ի այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումների առնչությամբ, Ջեյմս Ուորլիքը հիշեցրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին փարիզյան հանդիպմանը նախագահները հայտարարել են, թե իրենք կողմ են այս տարի երկխոսության զարգացմանը, իսկ համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել հանդիպել այս տարվա ընթացքում: «Մենք արտաքին գործերի նախարարների հետ հիմնարար կերպով աշխատանք ենք տանում, որպեսզի կողմերի միջև տարաձայնությունները նվազեն և պատրաստենք նախագահների հերթական հանդիպման օրակարգը»,- եզրափակել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ջեյմս Ուորլիքը ողջունում է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը
Ուորլիք. «Մենք խորապես անհանգստացած ենք հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած լրջագույն բռնություններով»
Ուորլիք. Մինսկի խումբը ողջունում է լարվածության թուլացմանն ուղղված Նալբանդյանի ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում