Հայկ Քալանթարյան. հայ գյուտարարը` միջազգային մամուլի էջերում
25-ամյա Հայկ Քալանթարյանի գյուտը մեծ արձագանք է գտել ԱՄՆ-ում: Վերջին օրերին ամերիկյան լրատվամիջոցները` ABC, MTV, Popular Science, անդրադառնում են մեր հայրենակցի ստեղծած սարքին և մասնագետների ուշադրությունը հրավիրում այս գյուտին, որը տեխնոլոգիական և գաղափարի նորամուծություն է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիների, այլև առողջապահության ոլորտում:
UCLA-ի համալսարանում դոկտորականը պաշտպանող Հայկ Քալանթարյանը ստեղծել է ուտելիքը տարբերակող սարք, որը կոչվում է WearSens: Այն հետևում է կոկորդի տատանումներին և ինֆորմացիա ստանում և ուտելիքի, և ընդունած հեղուկի մասին:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկ Քալանթարյանի հայրը` ճանաչված ծրագրավորող Արտակ Քալանթարյանը, նոր սմարթ վզնոց ստեղծելու նպատակն է ուտելիքի բաժինը և բաղադրությունը կռահելու միջոցով զերծ պահել այն կրողին «ոչ պիտանի» սնունդ ընդունելուց:
Նրա խոսքերով` Հայկը սարքի ծրագրավորումը կատարել է երկու տարվա ընթացքում: Երիտասարդ գիտնականն ունի 9 գիտական հոդված, որից 7-ը կապված են «Խելացի վզնոցում» օգտագործված տեխնալոգիաների և ինֆորմացիայի ճանաչման ու մշակման ալգորիթմների հետ:
Սարքին անդրադարձել է նաև Փենսիլվանիայի պետական համալասարանի դիետալոգիայի պրոֆեսոր Բարբարա Ռոլսը`նշելով, որ գիրության համաճարակը կախված է տեղեկացվածությունից, թե որքան են մարդիկ ուտում, և թե սննդակարգին հետևողները իրո՞ք փոխում են սնվելու իրենց սովորությունները: Ըստ նրա` սննդակարգի վերաբերյալ ծրագրերի լավ օրինակները հիմնվում են դիետա պահողների «ազնիվ» օրագրերի վրա: Բայց մարդիկ երբեմն ստում են, կամ դժվարանում են հիշել յուրաքանչյուր ուտելիքի մանրամասնությունները:
«Ուստի այս սարքը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես ցանկանում են խուսափել ճարպակալությունից և հետևեն իրենց առողջությանը»,- ասել է պրոֆեսորը:
Եվ ահա WearSens վզնոցը փորձում է լուծել այս խնդիրներից մի քանիսը՝ հետևել վզի մոտ թրթիռները:
«Ձեր վերին ծնոտը խոռոչ է, որն ուտելիքը կուլ է տալիս և օդը շնչելիս դղրդում է: Վզնոցը աշխատեցնում է պիեզոէլեկտրական տվիչները, որոնք մեխանիկական խախտումների նկատմամբ զգայուն են: Սնունդը կամ հեղուկը կոկորդով իջնելիս այն առաջացնում է ցնցումներ, որոնք բարձրանում են դեպի մաշկը՝ վզի շուրջը, և տվիչները գրանցում են ցնցումները: Յուրաքանչյուր սննդամթերք յուրահատուկ ձևով է հանդես գալիս:
Եթե դուք փափուկ և թաց ուտելիք եք ուտում, ապա ձեր ծամելու և կուլ տալու ձայնը տարբեր է, իսկ երբ դուք ուտում եք կոշտ և խրթխրթան ուտելիք, այս դեպքում այլ ազդանշան է տալիս»,- ներկայացնելով իր գյուտը ասել է Հայկ Քալանթարյանը` հավելելով, որ այնուհետև թրթռումների տվյալները փոխանցվում են սմարթֆոնի հատուկ նախատեսված ծրագրին, որը սովորեցնում է զգալ պինդն ու հեղուկը և հետո կազմում է կլանելու անհատական մոդելը:
Նշվում է նաև, որ սարքը կարող է 90% ճշգրտությամբ տարբերել պինդ ու հեղուկ սնունդը, ինչպես նաև տաք և սառը ըմպելիքները: Ծրագիրը կարող է հետևել մարդու օրական սննդակարգին և ազդանշան տալ, երբ մարդը բաց է թողել ուտելիքը կամ ջրազրկվել է: «Խելացի վզնոցը» կարող է օգնել նաև հիվանդին` հետևել դեղերն ընդունելու գրաֆիկին:
Արտակ Քալանթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ դա գիտական հետազոտություն է, սակայն այն առողջության պահպանմանն ուղղված կարևոր նորարություն է: Նա չբացառեց, որ հետագայում պատրաստվի նաև սարքի կոմերցիոն տարբերակը, այն հատկապես կարող է հետաքրքրել առողջապահության ոլորտի մասնագետներին:
Նշենք, որ Հայկ Քալանթարյանը հայտնի ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի թոռն է: Երիտասարդ գիտնականը ծնվել է Երևանում, նա ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել 1994 թվականին
: