Եթե որևէ մեկը կարծում է, որ ես առանց Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ կկատարեմ, սխալվում է. Արմեն Մարտիրոսյան
«Ես 2003 թվականից «Ժառանգության» անդամ եմ և այսքան ժամանակ եթե որևէ մեկը իմ ինքնուրույն մեկ քայլի մասին կարողանա բարձրաձայնել, թող սա լինի երկրորդը», -panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ իր և Ռուբիկ Հակոբյանի հասցեին հնչող հայտարարությունները:
Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սարգսյանի հետ քննարկումների շրջանակներում այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել էին նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Այդ հանդիպման վերաբերյալ «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը Lragir.am-ին ասել էր, որ կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:
«Հավանաբար, գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ չբացառելով, որ նրանց կուսակցությունից հեռացնելու հարց կդրվի:
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով. «Այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է և կուսակցության ներսում կքննարկենք»:
Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռացնելու հնարավորությանը, Մարտիրոսյանն ասաց, որ եթե ինքը որևէ քայլ ինքնուրույն է կատարել, ապա թող իրեն կուսակցությունից հեռացնելու հարց դրվի, ինքը դեմ չէ:
«Եթե ես կուսակցական որևէ որոշում խախտած կլինեմ, ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես, թող հեռացնեն, ես ամբողջությամբ կընդունեմ մեղքս: Եթե որևէ մեկը կարծում է, որ ես առանց Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ կկատարեմ, սխալվում է», -հավելեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը, Մարտիրոսյանն ասաց, որ ընդամենը քննարկում է եղել, որի ժամանակ իրենք ներկայացրել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները Սերժ Սարգսյանին:
«Սերժ Սարգսյանն է հանդիպում խնդրել, հանդիպել, քննարկել: Մենք բոլորի հետ քննարկումներ արել ենք՝ անկախ նրանից, թե հասարակությունն ինչպիսի գնահատականներ է ունեցել այդ անձանց վերաբեյալ: Քննարկումը դեռ համագործակցություն չէ, քննարկումը դեռևս կոալիցիա մտնել չէ: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում ենք», -ներկայացրեց «Ժառանգության» փոխնախագահը: