Թաթարստանում զոհերի թիվն ավելացել է
Թաթարստանի մայրաքաղաք Կազանում «Ադմիրալ» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է տասի: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թաթարստանի ԱԻ նախարարության տվյալները:
Երեկ հաղորդվում էր չորս զոհի մասին: Մահացածներից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել: Փլատակներում որոնողական աշխատանքները շարունակվում են: Գիշերվա ընթացքում երկու դիակ են դուրս բերել:
Առավել վաղ ՀՀ ՏԿԱԻՆ-ից հայտնել են, որ տուժածների և զոհերի թվում հայեր չկան:
Նշենք, մարտի 11-ի կեսօրին մոտ հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի Կլարա Ցետկինի փողոցի տուն 8 հասցեում գտնվող «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում:Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ: Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում: Հրդեհի մարմանը մասնակցել է ВСУ-5 ջրամղիչ սարքով ուղղաթիռ և հրշեջ գնացք: Պատահարի հետևանքների վերացմանը մասնակցել են մոտ 200 մարդ, 45 միավոր տեխնիկա, երեք ուղղաթիռ և հրշեջ գնացք: Բռնկված հրդեհի տարածքին հարակից շրջանում երթևեկությունը սահմանափակվել էր: Նշվում է, որ «Ադմիրալ»-ը Կազանի ամենամեծ ու ամենաէժան առևտրային կենտրոններից մեկն է: Ընդհանուր մակերեսը 20 հազար քմ է, եռահարկ շենքում վաճառվում է հագուստ, կոշիկեղեն, սպառողական այլ իրեր, գործում են սրճարաններ, ռեստորաններ, հազար տեղանոց ավտակայանատեղի: