«Այլևս երբեք…». Աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում Թուրքիայում, ցուցադրվում են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր
«Այլևս երբեք…»: Այս խորագրի ներքո այս տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվելու են Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված մոտ երեք տասնյակից ավել ֆիլմեր: Նախաձեռնության հեղինակն է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ կինոն արվեստի ամենամատչելի լեզուներից է, որով հնարավոր է հստակ ասելիք փոխանցել:
«Մենք մի շարք երկրներում կկազմակերպենք կինոդիտումներ: Երկակի ազդեցություն են ունենում ֆիլմերի ցուցադրությունը, քանի որ կինոդահլիճներից դուրս արդեն տվյալ երկրի մամուլն է անդրադառնում այդ ֆիլմերին, հետևաբար նաև՝ Հայոց ցեղասպանությանը: Մենք այդ ֆիլմերը ցուցակը ներկայացրել ենք նաև մեր դիվանագիտական կորպուսին, որ տեղերում նույնպես կազմակերպեն ֆիլմերի ցուցադրությունը»,- ասաց փոխնախարարը:
Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր՝ հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները:
«Այլևս երբեք…» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ ավելի քան 30 ֆիլմ են առանձացրել, որոնք տարբեր ասպեկտներով անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային:
Նա տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկը տրվել է Բելառուսի մայրաքաղաք Միսնկում: «Անիվ» հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպության աջակցությամբ, Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողների համար փետրվարի 24-ին կազմակերպվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Ցուցադրությունից առաջ Հայոց ցեղասպանության թեմայով ելույթներով հանդես են եկել պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: «Այլևս երբեք…» ծրագրի նպատակները և ընթացքը ներկայացրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը:
Փետրվարի 25-ին Մինսկի «Միր» կինոթատրոնում տեղի է ունեցել «Այլևս երբեք…» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը և ռեժիսորի մասնակցությամբ ցուցադրվել է «Ճչացողները» ֆիլմը: Բացման արարողությանը ներկա են եղել տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝ Ճապոնիայի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Իրանի, Տաջիկստանի, դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական այրեր, մշակութային գործիչներ: Ընդհանուր առմամբ, Բելառուսում ցուցադրվել է լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական 7 ֆիլմ, այդ թվում՝ Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» և Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմերը:
«Այլևս երբեք…» ծրագիրը մարտի 7-ից մեկնարկել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում մեկ ամիս շարունակ ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:
«Այլևս երբեք…» ծրագրի շրջանակում մինչև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը, ցուցադրություններ տեղի կունենան նաև Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, այս տարվա ապրիլին ցուցադրություններ կլինեն նաև Թուրքիայում: Ֆիլմերի ցանկը դեռ ճշտվում է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո արդեն կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում