8-18 տարեկան պատանի ստեղծագործողները կարող են մասնակցել Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթին
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը կայանալու է մայիսի 8-12-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
Մրցույթին կարող են մասնակցել 8-18 տարեկան պատանի ստեղծագործողները: Նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, 9-16 տարեկան մասնակցության տարիքային սահմանն ավելացել է 2 տարով՝ դառնալով 8-17: Անցյալ տարվա նման, մրցույթի մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբեր, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-13 (նախորդ 9-12) տարեկան պատանիներ, իսկ երկրորդ՝ ավագ խմբում 13-17 (նախորդ 13-16) տարեկան պատանիներ: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ պետք էր ներկայացնել բացառապես 1 դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն: Ի դեպ, գործիքների ընտրությունը նույնպես ազատ է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:
Մրցութային օրերին, կրտսեր խմբի մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում, թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով: Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով:
Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանա Կոմպոզիտորների միության դահլիճում:
Մրցույթին մասնակցելու մասին ավելի մանրամասն ու դիմում-հայտի կարգը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու