Բարաք Օբամա. Ամերիկացի սենատորների՝ Իրանի իշխանություններին հղած նամակի համար ամաչում եմ
«Ամերիկացի սենատորների՝ Իրանի իշխանություններին հղած նամակի համար ամաչում եմ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի 47 հանրապետական սենատորներ ուղերձ էին հղել Իրանի իշխանություններին, նշելով, որ միջուկային խնդրի շուրջ նույնիսկ վերջնական համաձայնության հասնելու դեպքում էլ Կոնգրեսն ի զորու է բեկանել նախագահի ստորագրած որոշումը, այնպես որ, Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ հավանական համաձայնությունը կարող է վավերական լինել մինչև նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ավարտը:
Իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, անդրադառնալով սենատորների աղմկահարույց նամակին, մասնավորապես նշել է. «Կոնգրեսը չի կարող միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ ձեռք բերվելիք համաձայնությունը չեղյալ հայտարարել: Հանրապետական սենատորների նամակը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի և աշխարհի այլ կառավարությունների միջև ստորագրված հազարավոր համաձայնագրերը. Այդ քայլը վտանգավոր է, քանի որ այն կարող է անվստահություն մթնոլորտ ստեղծել Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում»:
Հավելենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նախօրեին արձագանքելով ամերիկացի սենատորներին, մասնավորապես նշել էր. «Նամակը իրավական որևէ արժեք չի ներկայացնում և համարվում է սոսկ քարոզչական հնարք: Նամակը վկայում է, որ այս սենատորները ոչ միայն ծանոթ չեն միջազգային իրավունքի նորմերին, այլև նույնիսկ լիարժեքորեն չեն տիրապետում արտաքին քաղաքականության ուղղությամբ ԱՄՆ-ի նախագահի լիազորություններին և իրենց երկրի Սահմանադրության կետերին»:
«Այդ սենատորները պետք է իմանան, որ միջազգային հարաբերությունները մշակվում են միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև կառավարությունների պարտավորությունների ու պարտականությունների, այլ ոչ թե ԱՄՆ-ի ներքին օրենքների համաձայն»,-հայտարարել էր Իրանի արտգործնախարարը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ամերիկացի սենատորները սպառնում են տապալել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը. Թեհրանի քայլերը