Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ. Ռուբեն Հակոբյան
Սահմանադրական բարեփոխումների քննարկման նպատակով Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
«Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ եւ արդյոք դա իմ և Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշումը: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետևյալը. Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ ՛՛Ժառանգության՛՛ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին:
Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից: Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում»,- հավելել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սարգսյանի հետ քննարկումների շրջանակներում այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել էին նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները: Այդ հանդիպման վերաբերյալ «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը Lragir.am-ին ասել էր, որ կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:
«Հավանաբար, գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,-ասել էր պատգամավորը՝ չբացառելով, որ նրանց կուսակցությունից հեռացնելու հարց կդրվի:
Նախորդ հրապարակում՝
Եթե որևէ մեկը կարծում է, որ ես առանց Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ կկատարեմ, սխալվում է. Արմեն Մարտիրոսյան