Ինչո՞ւ է Փոստանջյանն ասում, թե «Մարտիրոսյանը և Հակոբյանը Բաղրամյան 26-ի հաճախորդներ են». հարց քաղաքագետին
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումների, ինչպես նաև այս գործընթացի շուրջ ծավալված քաղաքական զարգացումների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:
-Պրն. Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում մեկնարկած քննարկումները:
-Մեկնարկած գործընթացը, իմ խորին համոզմամբ, լիովին տեղավորվում է վերջին շրջանում ծավալվող քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Եթե մի կողմ թողնենք այս բարեփումների իրագործման նպատահարմարության վերաբերյալ` ավելի շուտ փորձագիտական դաշտում ծավալվող քննարկումները, ապա հստակ է, որ այս պահին ՀՀ նախագահը և իշխող Հանրապետական կուսակցությունը գործընթացը առնվազն վերսկսելու և շարունակելու հարցում որևէ լուրջ խնդիր չունեն: Այս ամենի համատեքստում Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ինչպես նաև` հասարակական քննարկումների մեկնարկը միանգամայն ողջունելի է: Ողջունելի է նաև քննարկումներին մասնակցած քաղաքական ուժերի` այս հարցում ցույցաբերած կառուցողական դիրքորոշումը: Բացառությամբ ՀԱԿ-ի` մյուս բոլոր խորհրդարանական ուժերը այս կամ այն ձևաչափով մանակցել են քննարկումներին` արտահայտելով իրենց թե՛ դրական և թե՛ բացասական մոտեցումները:
-Մեկնարկած քննարկումները նաև առիթ հանդիսացան, որ ոչ իշխանական դաշտում գործող որոշ ուժեր և գործիչների մեղադրեն այս դաշտում գործող և քննարկումների մասնակցած ուժերին «կեղծ ընդդիմության» դիրքերից հանդես գալու մեջ: Ձեր կարծիքով, որքանո՞վ են վերոնշյալ քննարկումները տեղավորում հայաստանյան քաղաքական իրողության տրամաբանության մեջ:
-Իմ կարծիքով, նախևառաջ պետք է դիտարկել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դիրքորոշումը: ԲՀԿ-ի շուրջ ծավալված զարգացումներից հետո, կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև քվազի ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՕԵԿ-ը մասնակցել են քննարկումներին: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա առնվազն այս պահին դրա իրական ազդեցության մասին խոսակցությունները լուրջ չեն: Իհարկե, այս մեղադրանքները այս կամ այն չափով պետք է հնչեցվեին: Սակայն ընդդիմությունը այս պահին ընդհանրապես գտնվում է, մեղմ ասած, որ բարվոք վիճակում:
-Միգուցե որոշ ուժերի նման արձագանքը պայմանավորված է հրավիրվածների շարքում իրենց բացակայությա՞ն փաստով:
-Ես կդժվարանամ ասել` այդպե՞ս է դա, թե` ոչ: Սակայն հասկանալի է, որ յուրաքանչյուր արտախորհրդարանական կամ առնվազն քաղաքական գործընթացներից «ետ մնացող» քաղաքական ուժ պետք է ինչ-որ կերպ արտահայտնի իր դժգոհությունը, որպեսզի ցույց տա իր քաղաքական նշանակությունը: Կարծում եմ, սա նույնպես տրամաբանական է:
-Անդրադառնանք «Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալվող զարգացումներին: Զարուհի Փոստանջյանը նախօրերին հայտարարել էր, որ քննարկումներին մասնակցած Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը հանդիպանը չեն ներկայացրել կուսակցությունը և նշել, որ վերջինները «Հավանաբար, գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»: Իր հերթին Ռուբիկ Հոկոբյանը նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ: Նույն կարծիքին է նաև Արմեն Մարտիրոսյանը: Ձեր կարծիքով, ի՞նչ է ներկայումս կատարվում «Ժառանգության» ներսում և որո՞նք են այս անենի դրդապատճառները:
-Այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել կուսակցության ղեկավարությանը: Կարծում եմ, իրենք պետք է պարազաբանեն թե ինչի՞ հետևանքով ենք մենք ներկայումս ականատես լինում «Ժառանգության» շուրջ ծավալվող այս անհասկանալի զարգացումներին: Կարծում եմ, սա մարդկային գործոնի հետ առնչվող կազմակերպչական խնդիր է, որը մշտապես եղել է «Ժառանգության» անբաժան ուղեկիցը: