Ռուսական ռուբլին միասնական արժույթ դառնալ չի կարող. Տնտեսագետ
«ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին ոչ մի կերպ չի դարձրել կախյալ, քանի որ մենք ԵՏՄ-ին ինտեգրվելուց առաջ արդեն եղել ենք կախյալ վիճակում Ռուսաստանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքերով` կախյալ երկիր լինելով՝ Հայաստանը դատապարտված է տնտեսապես քայքայվելուն:
«Հայաստանը, այսպես թե այնպես չի եղել տնտեսական հզոր երկիր, և այս կախյալ վիճակը մեզ կքայքայի ամբողջովին»,- ընդգծեց տնտեսագետը:
Ա.Եղիազարյանը նշեց, որ ԵՏՄ-ն ստեղծելով՝ Ռուսաստանը ի սկզբանե մեկ կոշտ նպատակ է ունեցել՝ ստեղծել մեկ մեծ պետություն. «Բայց սա արկածախնդրություն է, սա անհեռանկար գործընթաց է»:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականին` ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները, Ա.Եղիազարյանը նշեց, որ միասնական արժույթի անցում կատարելն էլ ավելի անկայուն տնտեսական վիճակ կստեղծի:
«Պուտինը միասնական արժույթ ստեղծելու որևէ պատճառ և որևէ նախադրյալ չունի: Պուտինի բոլոր ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու և կայունացնելու, պսակվեցին անհաջողությամբ, քանի որ ռուսական ռուբլին միասնական արժույթ դառնալ չի կարող: Ռուբլու տատանումները անվստահություն են առաջացրել միության բոլոր անդամ պետությունների մոտ, և միանշանակ որպես միասնական արժույթ հանդես գալ չի կարող»,- ասաց Ա.Եղիազարյանը: