Համերգի ընթացքում Կլայդերմանը ստիպված էր դիմել «ատրճանակի» օգնությանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքը երեկ ժամը 18:30-ից սկսած մարդաշատ էր: Մեկ ժամ անց նախատեսված էր աշխարհահռչակ դաշնակահար՝ Ռիշար Կլայդերմանի համերգը:
Չնայած մուտքի դռանը փակցված ծանուցմանը, որ դռները բացվում են համերգը սկսելուց քառասուն րոպե առաջ, այդպես չեղավ:
Դռան մոտ հավաքվածների մոտ մի պահ մտավախություն առաջացավ, չլինի՞ Ալեգրովայի ու իտալացի դաշնակահարի համերգների պես սա էլ չկայանա: Փառք աստծո, նման բան տեղի չունեցավ: Համերգը սկսեց նույնքան ուշ, որքան ուշ բացեցին դռները՝ 10-15 րոպե:
Դաշնակահարն անգլերենով ասաց, ուրախ է Երևանում գտնվելու համար, հայերենով շնորհակալություն հայտնեց իրեն նվագակցող Հայաստանի պետական կամերային նվագախմբին (նա համերգի ընթացքում մի քանի անգամ շնորհակալություն ու հիացական խոսքեր ասաց նվագախմբի մասին), ապա խոստովանեց, որ անգլերեն այնքան էլ լավ չի խոսում, անցավ ֆրանսերենին, առանց շունչ քաշելու մի քանի նախադասություն ասաց…
Հետո սկսեց նվագել… Ընթացքում հանդիսատեսը քարացած լսում էր, յուրաքանչյուր ստեղծագործություն սկսելուց ու ավարտելուց ուժեղ ծափահարում, իսկ ամենասիրվածների ժամանակ նաև ձայնակցում:
Ռոմանտիկ երաժշտության ելևէջների ներքո մտախոհ, կիսանիրհած հանդիսատեսին Կլայդերմանը երբեմն–երբեմն աշխուժացնում էր: Ստեղծագործությունները կատարելուց հետո նոտաների թղթերը բաժանում էր բեմին մոտ վազողներին:
Իսկ բեմի մոտ հայտնվողներն ավելի շատ էին լինում, քանի թղթերը, ստիպված դաշնակահարը հայաստանցիներին նվիրեց իր կրծքին կպցրած երկու թաշկինակները, իսկ դատարկաձեռն մնացած աղջիկներից մեկին առաջարկեց դաշնամուրի մոտ դրված աթոռը, որին նստած նվագում էր: Ի դեպ, համերգի ընթացքում զգեստափոխվեց մեկ անգամ, ընդմիջումից հետո, փոխեց միայն կոստյումը, երկու կոստյումին էլ անմոռուկ էր փակցված:
Հերթական ստեղծագործությունից առաջ մեղվի բզզոց լսվեց, ձայնը գնալով ուժեղացավ: Փակեց դաշնամուրը, ձայնը շարունակվեց, Կլայդերմանը ստիպված էր ձեռքը վերցնել ատրճանակը (իհարկե, խաղալիք ու պլաստմասե) ու կրակել օդում բզզացող ճանճի վրա: Առաջին կրակոցը դիպուկ էր: Մեկ էլ ինչ, վերևից գետնին ընկավ մի հսկա մեղու (իհարկե, փափուկ խաղալիք): Գետնին փռված կենդանուն արագ տեղափոխեց անվտանգ տարածք ու շարունակեց նվագել…
Համերգի վերջում հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր՝ խնդրելով էլի կատարումներ: Ֆրանսիացի դաշնակահարը խոնարհվեց, ապա խորհուրդ տվեց գնալ ու քնել: Չզիջող հանդիսատեսին վերջում մի ստեղծագործություն էլ նվիրեց՝ «Ձմռան սոնատ»-ը:
Նախորդող հրապարակում՝
Ռոմանտիկ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը՝ իր կարիերայի, Հայաստան այցի ու սպասումների մասին