Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են նոր մայրաքաղաք կառուցել երկրի արևելյան հատվածում։ Այս մասին, «Գազետա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտարարել է երկրի բնակարանաշինության նախարար Մուստաֆա Մադբուլին։
Նշվում է, թե նախարարը նոր մայրաքաղաքի կառուցման ներդրումային նախագիծը ներկայացրել է Շարմ Էլ-Շեյխում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում։
Ինչպես հայտարարել է Մադբուլին, Եգիպտոսի նոր վարչական կենտրոնը հիմնվելու է Կահիրեից 45 կմ հեռավորության վրա գտնվող անապատում։
Ըստ իշխանությունների, նոր մայրաքաղաք կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կահիրեի գերբնակեցված լինելու հանգամանքով, որտեղ այժմ ապրում է շուրջ 20 միլիոն մարդ։ Հաշվի առնելով բնակչության աճի ընթացիկ տեմպերը 40 տարի անց այդ թիվը կկրկնապատկվի։
Նախարարի խոսքերով, նոր մայրաքաղաքը նախատեսված է լինելու 5 միլիոն բնակչության համար։ Նախագիծն իրականացվելու է 7 տարվա ընթացքում և նախնական փուլում կարժենա 45 միլիարդ դոլար։