Գևորգ Պետրոսյան. Թուրքիան ուզում է հնարավորինս շուտ գա մայիսը
«Ժամանակն է, որ Հայոց ցեղասպանության հարցում փոխենք մեր պահանջատիրության ռազմավարությունը և խնդրի լուծմանը հասնենքիրավական դաշտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա, հասարակական, տեղեկատվական, քարոզչական ոլորտներում աշխատանքը կարևոր է, բայց ժամանակն է որակական նոր քայլ կատարել, ավելի հեռահար, ավելի արդյունավետ ուղիներ փնտրել:
«Հայկական հարցի լուծումը ոչ այնքան հասարակության լուծելիքն է, որքան պետական մակարդակի լուծում պահանջող խնդիր: Այս տեսանկյունից այս տարին պետք է օգտագործենք մեր պահանջատիրությունը նոր փուլ մտցնելու, նոր ուղիներ փնտրելու, պայքարն ավելի բազմաբովանդակ, բազմաճյուղ դարձնելու համար»,- ասաց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է պատրաստ լինել պայքարը շարունակել, հասկանալ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերջը չէ:
Գ. Պետրոսյանն առաջարկում է գոնե առաջին քայլով տարբեր ոլորտների միջազգային, տեղական լավագույն մասնագետներից ստեղծել հանձնաժողով, նրանց որոշակի ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան գնահատել, թե հարցը իրավական դաշտ տեղափոխելու դեպքում հայկական կողմին ինչ հեռանկարներ են սպասվում: Ըստ նրա, այս ուղղությամբ թեև հստակ քայլեր չկան, բայց վերջին տարիներին որոշակի միտումներ նկատվում են: Նա ընդգծեց, որ չպետք է սահմանափակվել միայն հայտարարություններ անելով:
Պատասխանելով հարցին, թե ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի միաջազգային պատասխանատվության հնարավորություններն ավելի մեծանո՞ւմ են, Գ. Պետրոսյանն ասաց, որ հարցեր լուծող պետությունները՝ ԱՄՆ-ում, այլ գերտերություններում որոշակի քննարկումներ կան, սակայն հիմնային գործընթաց չի նկատվում. «Դրանք սովորական խոսակցություններ են, որ սովորաբար լինում է ամեն ընտրությունից առաջ, ամեն ապրիլի 24-ին ընդառաջ, երբ անհրաժեշտ է լինում Թուրքայի դեմ քաղաքական ճնշում գործադրել: Պետք է արձանագրել, որ տարբեր պետությունների համար Հայկական հարցը քաղաքական լծակ է մի կողմից արտաքին ճակատում՝ Թուրքիայի վրա որոշակի ճնշում գործադրելու, ներքին ճակատում՝ ձայներ ստանալու համար: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահը և հենց այդ շահով է առաջնորդվում, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու»:
Այսինքն, ըստ թուրքագետի, պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հենց ԱՄՆ-ի շահերից բխի Հայոց ցեղասսպանության ճանաչումը: Միաժամանակ հավելեց, որ ներկա փուլում Թուրքիան ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն է ներկայացնում:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարած քաղաքականությանը, նա նշեց, որ փոքր խմբեր սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց Թուրքիան շարունակում է իր լուրջ ժխտողական քաղաքականությունը, թեև հենց կառավարությունը որոշ քայլեր իրականացնում է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ դրական տեղաշարժ կա, սկսել են հարցը բացահայտ քննարկել:
«Ասել որ, ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական իշխանությունների շրջանում լուրջ խուճապ, տագնապ կա, դրա նախադրյալները չկան, բայց այն, որ Թուրքիան ուզում է հնարավորինս շուտ մայիսը գա, դա ակնհայտ է»,- ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: