Նիկոլաս Մադուրոն բանակցություններ սկսելու առաջարկությամբ դիմել է Բարաք Օբամային
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բանակցություններ սկսելու առաջարկությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը`հղում անելով «El Universal» պորտալին:
Մադուրոյի խոսքերով` պետք է «վերջ տալ» երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամին:
«Օբաման խճճվել է, ես այլևս նրան չեմ խճճելու: Ես ձեռք եմ մեկնում ԱՄՆ իշխանություններին, որպեսզի անկեղծ երկխոսության միջոցով մենք գտնենք այս խնդրի լուծումը»,- հայտարարել է Նիկոլաս Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը խնդրել է ստույգ թարգմանել Օբամային ուղղված իր խոսքերը, որպեսզի իր ուղերձը փոխանցվի ԱՄՆ նախագահին: Նրա խոսքերով` Վենեսուելայում ընթացող գործընթացների վերաբերյալ Օբամային ոչ սույգ տեղեկատվություն է տրամադրվում:
Նշենք, որ նախօրերին Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է գնալ Վաշինգտոն և իր երկրին`ԱՄՆ անվտանգության համար վտանգ հայտարարելու կապակցությամբ «մարտահրավեր նետել» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Այս երկուշաբթի Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելայի նկատմամբ արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Վաշինգտոնը պնդում է, որ հարավամերիկյան երկրում ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Հրամանագրի շրջանակներում պատժամիջոցներ են սահմանվել Վենեսուելայի յոթ պաշտոնյաների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։