Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը կրկին հետաձգվում է
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ դեռևս մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգը կրկին անգամ հետաձգվում է: Հիշեցնենք, որ մարտի 6-ի համերգը չկայացավ՝ երգչուհու հիվանդ լինելու պատճառով: Անմիջապես հայտարարվեց, որ կայանալու է ապրիլի 6-ին նույն վայրում:
«Հստակեցվել է Իրինա Ալեգրովայի երևանյան համերգի օրը: Այն կայանալու է մայիսի 23-ին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը:
Նա նախ ևս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչու չկայացավ մարտի 6-ի համերգը. «Նախքան Երևան ժամանելը երգչուհին հիվանդ էր: Կարծելով որ արդեն լավացել է և կարող է բեմ դուրս գալ, Իրինա Ալեգրովան ժամանեց Երևան: Օրվա ընթացքում վատ է զգում իրեն, ընդունում է դեղեր: Մարտի 6-ին ժամը 17:00-ին արդեն նվագախումբը համալիրում փորձեր է անում: Սակայն 17:30-ին երգչուհու տնօրենը զանգահարում և հայտնում է, որ Ալեգրովայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ջերմությունը բարձրացել է 39,5 աստիճան, բժշկական օգնություն է անհրաժեշտ: Անմիջապես կանչում են բժիշկների: Հենց որոշվեց համերգը չեղյալ հայտարարել՝ Իրինա Ալեգրովան հանդես եկավ հայտարարությամբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն բոլոր խոսակցություններին, թե երգչուհին ընդհանրապես Հայաստան չի ժամանել, նա հավաստիացրեց, որ դա ապատեղատվություն է:
Ասուլիսին ներկա «HERTZ» տրանսպորտային ծառայություն իրականացնող ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյան ասաց, որ իրենք դիմավորել են երգչուհուն, այնուհետև ճանապարհել:
«Իմպերիալ Պալաս» հյուրանոցի տնօրեն Տիգրան Սանասարյանը նույնպես հավասիացրեց, որ երգչուհին հանգրվանել է իրենց հյուրանոցում, ցույց տվեց հյուրերի գրանցման քարտը:
Ալեքսանդր Տոլստելևը նաև հերքեց այն տեղեկությունները, թե համերգը չի կայացել, քանի որ կազմակերպիչները չեն վճարել երգչուհու հոնարարը. «Շոու բիզնեսում գործում է հստակ մեխանիզմ. ամեն համերգի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվում դեռ համերգից վեց ամսի առաջ և հենց այդ պահին էլ վճարվում է հունարարի 50 տոկոսը, իսկ մնացածը՝ համերգից մեկ ամիս առաջ»:
Իսկ թե ինչո՞ւ ոչ թե ապրիլի 6-ին, այլ մայիսի 23-ին, Ալեքսանդր Տոլստելևն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ֆորում. «Միջոցառման անցկացման համար համերգասրահի տեսքն ամբողջությամբ պետք է փոխվի, հատուկ թեմատիկ դեկորացիաներ տեղադրվեն, ինչը հսկայական աշխատանք և ժամանակ է պահանջում: Այդ դեկորացիները հանվելու է մինչև մայիսի 15-ը: Չնայած որ Իրինա Ալեգրովան ունի շատ հագեցած գրաֆիկ, ըմբռնումով մոտեցավ և կարողացավ այնպես անել, որ մայիսի 23-ին ելույթ ունենալ Երևանում»:
Նա ասաց, որ բոլոր գնված տոմսերը գործելու են, իսկ նրանք, ում հարմար չէ այդ օրը, կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով [email protected] կայքին:
Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց նաև Իրինա Ալեգրովայի տեսաուղերձը: Նա նախ ներողություն խնդրեց համերգը չկայանալու համար, ապա նշեց, որ ինքն անպայման ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար մայիսի 23-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մայրիկս վատառողջ է, բայց նրան չեն հոսպիտալացրել. Ալեգրովայի դուստրը՝ երկրպագուներին
Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չի կայացել. հանդիսատեսը տեղեկացել է դռների մոտ