«Եկեք ապրիլի 24-ին Ստամբուլում ոգեկոչենք Հայոց ցեղասպանությունը»
Ռասիզմի դեմ եվրոպական համաժողովրդական շարժման (EGAM-ի) նախագահ Բենիամին Աբթանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն Նիկոլաս Դավթյանը, DurDe!- ի ներկայացուցիչ (Ստամբուլ) Լևենթ Սենսևերը համատեղ նամակում բոլորին կոչ են անում միանալ իրենց և ապրիլի 24-ին Ստամբուլում ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է Cyprus Mail կայքը:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարյուր տարի է անցել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից` կոտորած, որին զոհ գնաց մեկ ու կես միլիոն հայ:
Չափազանց երկար ժամանակ՝ հարյուր տարի, այդ հանցագործության ժխտումը Թուրքիա պետության քաղաքականության և դիվանագիտության կենտրոնում է, պետություն, որը հիմնվել է հայերի ունեցվածքների օտարման և նրանց մշակույթի ոչնչացման վրա:
Հարյուր տարի է, ինչ ցեղասպանության ժխտողականությունը կամ թողտվությունը հանգեցնում են նոր զոհերի` սերմանելով բռնի ազգայնականություն և ռասիզմ, հակամարտություններ առաջացնելով և Թուրքիայում խեղդելով ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը:
Տարիների ընթացքում ավելացող ձայներն իրենց լսելի են դարձրել Թուրքիայի քաղաքացիական հասարակության սրտում, որը եվրոպական քաղաքացիական հասարակության աջակցությամբ ճանաչեց ցեղասպանություն իրողությունը և Թուրքիայում հիշատակեց այդ հանցագործության զոհերին: Այս համատեքստում 2010 թվականից Թուրքիայում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս տարի Թուրքիան ցինկաբար պլանավորել է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշել ապրիլի 24-ին, ինչը Հայոց ցեղասպանության վրա նոր ստվեր գցելու փորձ էր: Ավելին, թուրք պաշտոնյաները զբաղված են նրանով, որ կանխեն Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին միջազգային հանրության մասնակցությունը:
Մենք` եվրոպացիներս, հայերս, թուրքերս և քրդերս, ովքեր նախաձեռնել, կազմակերպել, աջակցել կամ մասնակցել են այս հիշատակումներին, կոչ ենք անում բոլորին միասին: Ստամբուլում ապրիլի 24-ին խաղաղ ոգեկոչել հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը:
Ցեղասպանության հիշատակումը շոշափում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլև ողջ մարդկությանը: Այսօր թուրք հասարակությունը պայքարում է ցեղասպանության ժխտողականության դեմ: Մեր արշավն ունի համընդհանուր բնույթ, այն համերաշխության, արդարության և ժողովրդավարությունը խթանելու արշավ է:
Բոլոր նրանք, ովքեր կիսում են այս արժեքները և տեսակետը, կարող են միանալ մեզ ու ապրիլի 24-ին Ստամբուլում հիշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»: