Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ պահքի 29-րդ օրն է:
«Ընթերցվածք` Եբր. 1.1-14
Նախորդ օրվա խորհրդի` Դատավորի կիրակիի լույսի ներքո հրավիրում ենք խորհրդածելու մեր Տիրոջ երեք պատգամների շուրջ: Հիմնական նյութն աղոթքն է, թե ինչպես քրիստոնյաներս պետք է անդադար և անձանձիր լինենք մեր աղոթական կյանքում: «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո´, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի...» (Ղուկ. 18.7-8): Մեր աղոթքների պտուղն արդարությունն է, որը մարդկային մեր ընկալման և մեր մարմնական ու նյութական կարիքներից ու ցանկություններից բխող արդարությունը չէ, այլ` Աստծու արդարությունը մեր անձերի և կյանքի նկատմամբ:
Երկրորդ հրավերը` մաքսավորի աղոթքն է. «Աստվա´ծ, ների´ր ինձ` մեղավորիս» (Ղուկ. 18.13): Աստված գիտի մեր հոգսերն ու կարիքները, սակայն մեզանից ակնկալում է մեր ապրած կյանքի ճանապարհին գործած մեղքերի գիտակցումը, որպեսզի աղոթքի մեջ չլինենք շատախոս և հպարտ` փարիսեցու պես, այլ նմանվենք մեղավոր մաքսավորին, ով գիտեր, թե ի´նչ է անհրաժեշտ իրեն Աստծուց` թողություն հանցանքների և ողորմություն: Այս նկատառումով է, որ պիտի ընկալենք Տիրոջ հետևյալ խոսքի ճշմարտությունը. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18.14):
Երրորդ հորդորը` մեզ մանուկներին նմանվելն է, որովհետև «այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Ղուկ. 18.16): Յուրաքանչյուրս գիտի, թե ինչպիսի´ն է մանուկն իր աշխարհընկալման մեջ, իր պարզությամբ, միամտությամբ և անկեղծությամբ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մաղթում է, որ հավատի և ճշմարիտ քրիստոնեական կյանքի ընկալումներում լինենք մանուկների նման պարզսիրտ, քանզի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի» (Ղուկ. 18.17):
Հետևաբար, մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին, մեղավոր մաքսավորի պես հայցենք Աստծու ողորմությունը, խոնարհեցնենք մեր անձերը` Տիրոջ հետ բարձրանալու հույսով, և այրի կնոջ նման երբեք չձանձրանանք մեր աղոթքի մեջ, որպեսզի մեր սրտերում և կյանքում հավետ թագավորի Աստծու արդարությունը»,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները