Իրաքում ավերվել է Սադդամ Հուսեյնի գերեզմանը
Իրաքում Տիկրիտ քաղաքի վերագրավման մարտերի ժամանակ ավերվել է նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի գերեզմանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և Իրաքի բանակի միջև ակտիվ մարտերը սկսվել էին մարտի 15-ին, այն բանից հետո, երբ Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարեց 48 ժամվա ընթացքում քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու մտադրության մասին:
Կապիտան Յասիր Նումայի խոսքով, առավել հուժկու հարվածների է ենթարկվել Հուսեյնի հայրենի Ուջա գյուղը, որտեղ էլ գտնվում է գերեզմանը: Նա նշել է, որ գրոհայինները դամբարանի մոտ ականներ ու պայթուցիկներ էին դրել, որպեսզի ծուղակ սարքեին կառավարական զորքերի համար:
Ականատեսների վկայությամբ` գերեզմանից մնացել են միայն հենասյուները: Բացի այդ, անհետացել են Հուսեյնի դիմանկարները, իսկ այժմ դրանց փոխարեն շիական դրոշներ են:
Հիշեցնենք, որ Տիկրիտը մայրաքաղաք Բաղդադից 130 կմ հեռավորության վրա է: Գրոհայինները քաղաքը գրավել էին անցյալ տարվա ամռանը: Իսլամիստներից քաղաքն ազատագրելու գործողությունները սկսվել են մարտի սկզբից: