Բանտերում չհայտնվելու համար ադրբեջանցիները նախընտրել են չմասնակցել «Եվրանեսթ»-ին. Թևան Պողոսյան
«Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու պատճառը որևէ մեկի համար գաղտնիք չէ»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանն` անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայության խնդրին:
«Եթե վերջին երկու տարվա կտրվածքով նայենք, ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն, երբ մասնակցել է տարածաշրջանային միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, այսօր գտնվում է կամ բանտում, կամ էլ փախել է Ադրբեջանից»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նրա խոսքերով` այդ վախի մթնոլորտը, որ ձևավորվել է Ադրբեջանում, ստիպել է, որ նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այստեղ ներկա չլինեն: Քանի որ Երևանից վերադառնալուց հետո կհայտնվեին հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումների ներքո:
«Ցավով պետք է ասել, որ ցանկացած ծրագրից հետո, այն կազմակերպությունը, որն ունեցել է հայկական գործընկերների հետ հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ: Ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չգալ»,- նշեց պատգամավորը:
Մինչդեռ, ըստ Թ.Պողոսյանի, հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցել էր Եվրանեսթի նիստին, և դա ենթադրում էր, որ մասնակցությունը փոխադարձ պետք է լինի, սակայն պայմանավորվածությունը չի հարգվել:
«Եթե եղել է քաղաքական համաձայնություն, որ հայկական պատվիրակությունը պետք է սկզբում մասնակցեր Բաքվում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հետո ադրբեջանական կողմը՝ Երևանում անցկացվելիք նիստին, չի հարգվել, ապա պատկերացրեք, թե որքան թույլ են քաղաքացիական հասարակության դիրքերն Ադրբեջանում»,- ասաց Թ.Պողոսյանը:
Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Եվրանեսթին չեն մասնակցում Ֆրանսիան, Իսպանիան կամ Պորտուգալիան:
«Ի վերջո Արևելյան գործընկերությունը միայն վեց երկրները չեն, այլ նաև այն երկրները, որոնք ԵՄ անդամ են: Արևելյան գործընկերությունն իրական հաջողություն կունենար, եթե ԵՄ անդամ 28 երկրներն ակտիվ ներգրավված լինեին»,- նշեց Թ.Պողոսյանը: