Եվրախորհրդարանի անդամ.Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդը համակվում է զայրույթով ու ցասումով
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները այսօր ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի և ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով և մտածում՝ ինչպես կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ:
Տատյանա Ժդանոկան նշել է նաև, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում և ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանությանն ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին:
Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ: