Նկարիչ Վալմար. Մեզ մոտ սպասում են, թե ով մեզ համար մի լավ բան կանի, ով վերևից ադամանդ կմատուցի
«Մշակութասեր և լուսավոր հայ ազգն այսօր հոգևոր օգնության, դրական լիցքի կարիք ունի: Ինչպե՞ս և ովքե՞ր կարող են այդ լիցքը հաղորդել հասարակությանը»: ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարն ունի իր «բաղադրատոմսը»:
Panorama.am-ի զրուցակիցն է Վալմարը:
-Առաջիկայում ի՞նչ անակնկալ եք մատուցելու արվեստասեր հայ հանրությանը:
-2004 թվականից սկսած ամեն տարի ապրիլի 21-ին՝ իմ ծննդյան օրը, ես ինքս ինձ նվեր եմ անում՝ կազմակերպում եմ իմ անհատական ցուցահանդեսը: Այս տարի ևս ապրիլի 21-ին կբացվի ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու տարբեր տարիների ընթացքում այդ թեմայով արած իմ գործերը: Պարբերաբար անդրադառնում եմ այդ մեծ ողբերգությանը՝ փորձելով իմ զգացմունքները փոխանցել կտավին: 30-40 տարվա ընթացքում բազմաթիվ կտավներ եմ ստեղծել Հայոց ցեղասպանության թեմայով: Չեմ կարող ասել, թե երբ կամ ինչ պատճառներով եմ անդրադառնում այդ թեմային: Եթե ցանկանում ես այդ թեմայով կտավ ստեղծել, ապա պետք է նախ քո ներսում լիարժեք պահանջ ունենաս, անհանգստությունը հասունացած լինի, որպեսզի կարողանաս վերարտադրել ու հետո հանգստանալ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էին աշխատասեր, լուսավոր հայ ազգի հետ այդպես վարվել: Բայց հստակ մի բան կա՝ եթե քո հարևան ազգը կամ անձը հեռու է մշակույթից, նրանց հետ հնարավոր չէ ճանապարհ գնալ, մի օր, անկասկած, կխաբեն, կսպանեն, ինչպես և եղավ 100 տարի առաջ: Ինձ համար, օրինակ, մարդասեր են ֆրանսիացիները, իտալացիները, իսպանացիները, որովհետև նրանք ունեն մեծ արվեստ, որը դարեդար պահպանվել ու հասցվել է մինչև մեր օրերը:
-Պարոն Վալմար, ի՞նչ կասեք հայ ազգի մասին:
-Շատ երկրներում եմ եղել, ոչ մի տեղ այսքան նկարիչ, առհասարակ մշակութային գործիչ չկա, որքան Հայաստանում: Իսկ սա նշանակում է, որ մենք մշակութային, հետևաբար՝ լուսավոր ազգ ենք: Երեխաները պետք է մեծանան մշակույթի մեջ, այլապես ինչքան հեռու լինեն մշակույթից, այնքան մութ կլինեն: Հայ ազգը շատ լավ ընկալում է արվեստը, որովհետև զգացական ազգ ենք, իսկ արվեստը զգացմունքների գիտություն է: Մեզ մոտ նաև արվեստի նկատմամբ պահանջարկ կա: Դրա մասին են վկայում բացվող ցուցահանդեսներն ու այցելություների քանակը: Սա նշանակում է, որ մարդիկ դրական էներգիա ստանալու պահանջ ունեն:
-Այսօր Հայաստանում որքանո՞վ է պետությունն օգնում, աջակցում արվեստագետներին:
-Միշտ չէ, որ պետք է որևէ մեկից օգնություն ակնկալել: Միշտ չէ, որ պետք է քո խնդիրների լուծումը փնտրես ուրիշի մեջ: Նախ փնտրիր ինքդ քո մեջ: Ես ստեղծում եմ իմ հեքիաթը, իմ առասպելը: Ես ունեմ իմ աշխարհը, որի կենտրոնն իմ արվեստանոցն է: Ամեն ինչի ձգտում և հասնում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Յուրաքանչյուրը թող ինքն առաջին քայլն անի, ինքը փորձի հասնել իր նպատակների իրականացմանը: Հայաստանում բոլորը պահանջկոտ են, բոլորը թելադրող են: Բայց բոլորս միասին պետք է աշխատենք ու կառուցենք մեր երկիրը: Ամեն մեկը պետք է իր գործն անի լավ, ազնիվ, իսկ մեզ մոտ սպասում են, թե ով մեզ համար մի լավ բան կանի, թե ով մեզ համար վերևից ադամանդ կմատուցի:
-Պարոն Վալմար, շատերը, այդ թվում նաև հենց արվեստագետներ, պնդում են, որ իրենց երեխաների, թոռնիկների ապագան չեն տեսնում Հայաստանում: Իսկ Դո՞ւք:
-Իրենց գործն է: Ես տեսնում եմ իմ ապագան, իմ թոռնիկների ապագան այստեղ: Ով դժգոհ է, իրենց խնդիրն է, թող իրենք մտածեն: Դժվարությունները մարդու համար են: Եթե մարդ իր առջև դրած նպատակին հասնում է շատ հեշտ, կարճ ճանապարհով, այդ մարդու ներաշխարհը տկար է լինում: Դժվարություններ տեսած, դժվարին ճանապարհ անցած մարդու զգացական աշխարհն ավելի հարուստ է: Ես խնդիր եմ դնում իմ առջև ու փորձում եմ լուծել: Ինձ համար հետաքրքիր է այդ դժվարությունն անցնելու ճանապարհը: Երբ ինքդ, քո սեփական կարողություններով կարողանում ես հաղթահարել խոչընդոտները, հասնես լույսին, քո երազած կետին, հարգում ես ինքդ քեզ, ճանաչում ես քեզ: Իմ ցանկությունն է, որ մեր ազգը մոտ լինի մշակույթին, սերը, բանականության լույսը և հավատը թագավորի բոլորիս ներսում: Ամեն ինչի հիմքում սերն է: Սակայն այսօր շատ են խոսում բացասական երևույթների մասին: Հոգևոր օգնության, դրական լիցքի կարիք ունեն: Որտեղի՞ց պետք է ստանան այդ հոգևոր օգնությունը, դրական լիցքը, եթե ոչ արվեստից: