Վենեսուելայի նախագահին արտակարգ լիազորություններ է շնորհվել
Վենեսուելայի խորհրդարանը կիրակի օրը արտակարգ լիազորություններ է շնորհել նախագահ Նիկոլաս Մադուրոյին, երկրում խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նախորդ շաբաթ Նիկոլաս Մադուրոն արտակարգ լիազորություններ ստանալու անհրաժեշտությունը բացատրել էր վերջին ամսվա ընթացքում Վենեսուելայի նկատմամբ Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականությամբ, մասնավորապես, մի շարք պետական գործիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ։
Հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորների կողմից միաձայն։ Օրինագծով նախագահը իրավունք է ստանում հրամանագրեր ստորագրել, որոնք օրենքի ուժ կունենան և միտված կլինեն երկրի խաղաղության և պաշտպանությանը «ընդդեմ Միացյալ Նահանգների կառավարության ագրեսիայի»։
Արտակարգ լիազորությունները նախագահին շնորհվել է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Գործակալությունը նշում է, թե սա երկրորդ դեպքն է, երբ խորհրդարանը նմանօրինակ լիազորություներ է շնորհում նախագահին։ 2013 թ-ին Մադուրոն ևս ստացել էր հատուկ լիազորություններ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։