Ադրբեջանցիների մասնակցությունը Սիրիայում և Իրաքում ընթացող հակամարտություններին. դրդապատճառներ, գործընթացներ, միտումներ
Սիրիական հակամարտության շրջանակներում դրա արտաքին որոշ դերակատարների որդեգրված՝ «ուրիշի ձեռքով գործելու» մարտավարությունը, որի նպատակն էր ամբողջ աշխարհից վարձկանների հավաքագրումը, մարզումն, ապա՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարում ներդնումը, բավականաչափ լայն տարածում գտավ նաև Ադրբեջանում:
Ժամանակի ընթացքում երկրի՝ հատկապես իսլամի սուննի ուղղություն դավանող, սոցիալական ծանր վիճակում գտնվող բնակչությամբ բնակեցված շրջաններում, նաև խոշոր քաղաքներում (հիմնականում երկրի հյուսիսային հատվածը, մայրաքաղաք Բաքուն, արվարձանները) ձևավորվեցին ցանցային կառույցներ, հավաքագրող խմբեր, որոնք գաղափարաքարոզչական ակտիվ գործունեության միջոցով հավաքագրում էին վարձկաններին, հիմնականում օդային ճանապահով (մասամբ նաև ցամաքային ճանապարհով՝ նախիջևանաթուրքական, վրաց-թուրքական սահմաններով) գործուղում Թուրքիա, որտեղ նրանց դիմավորում էին, տեղավորում Սիրիային սահմանակից թուրքական մի շարք բնակավայրերում ստեղծված ճամբարներում, որոշ ժամանակ մարզելուց, զինելուց հետո ներգրավում ռազմական գործողություններում:
Թեպետ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարում են Սիրիա մեկնած ադրբեջնցիների թիվը 500, իսկ զոհվածներինը՝ 100-200, այնուամենայնիվ, անհերքելի է, որ երկու դեպքում էլ թվային տվյալները անհամեմատ տարբեր են:
Մարտի 11-ին Ադրբեջանի ՆԳ նախարարության և Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունների տարածած համատեղ հայտարարության համաձայն՝ հանրապետության իրավապահ մարմինները հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրականացարած հատուկ գործողության արդյունքում Ադրբեջանում Տերտերի շրջանում ձերբակալել են ծայրահեղական ուղղվածության կազմակերպված հանցավոր զինված խմբավորման, որի անդամները զբաղվել են կրոնական անհանդուրժողականության ու խտրականության քարոզով, Տերտերի բնակչության շրջանում իրականացրել են վարձկանների հավաքագրման աշխատանքներ և նպաստել բնակավայրի մի շարք քաղաքացիների՝ երկրից դուրս ընթացող հակամարտություններին տարաբնույթ զինված խմբավորումների շարքերում մարտնչելու գործին:
Իսկ ավելի վաղ՝ մարտի 5-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Միլի Մեջլիսին ներկայացրած կառավարության պետական անվտանգության վերաբերյալ ամենամյա հաշվետվությանը, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին տարաբնույթ զինված խմբավորումների կազմում մասնակցության մեղադրանքով քրեական պատասխանատվության են ենթարկվել ԱՀ-ի 29 քաղաքացիներ (ի դեպ, մարտի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանում մեկնարկել է նրանցից մի քանիսի գործով դատավարությունը :
Վերոնշյալից ընդամենը մեկ օր առաջ էլ, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն , կառույցի հատուկ ծառայությունների իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են ԱՀ-ի 6 քաղաքացիներ՝ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Վերոնշյալ խմբավորման վերջնանպատակն է եղել Ադրբեջանում շարիաթի՝ իսլամի կրոնական ու իրավական նորմերի միջոցով կառավարվող պետության ստեղծումն: Այդ նպատակով խմբավորման անդամներն իրենց էմիր էին հռչակել և տարաբնույթ հանցավոր գործունեություն ծավալել ինչպես մայրաքաղաք Բաքվում, նրան հարակից մի շարք շրջաններում, այնպես էլ՝ Ադրբեջանի երրորդ խոշոր քաղաքում՝ Սումգայիթում, երկրի հյուսիսում՝ Գաբալայի շրջանում և այլն:
Ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական գործընթացները, որոնց ուղղակի ազդեցությամբ գրանցվեց իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների ակտիվացում և ոչ միայն երկրագնդի մուսուլմանական երկրներում, չշրջանցեց նաև Հարավային Կովկասը և հատկապես Ադրբեջանը:
Սիրիական հակամարտության, դրա ազդեցությամբ՝ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների պարբերաբար որակական տրանսֆորմացիայի ենթարկմանը զուգահեռ, փոխվել, որոշակի էվոլյուցիա են ապրել նաև տարածաշրջանում ծավալվող գործընթացներին ադրբեջանցիների մասնակցության դրդապատճառները. Վերոնշյալի առնչությամբ ընդհանրական, ժամանակային, պատճառահետևանքային առումով էվոլյուցիոն սկզբունքով կարելի է առանձնացնել հետևյալ առանցքային գործոնները:
1. Սոցիալական խնդիրներ: Երկրի առանձին շրջաններում ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքական, ազգային, դավանական, սոցիալ-տնտեսական խտրական քաղաքականության հետևանքով ստեղծված խրթին իրավիճակի պայմաններում, կախված պարտականությունների ծավալից, անգամ կյանքի գնով 500-2000 դոլար ամսավճար վաստակելու հեռանկարը բավականաչափ գրավիչ էր հարյուրավոր ադրբեջանցիների համար:
2. Հոգեբանական խնդիրներ: Տարբեր գործոններով պայմանավորված ագրեսիայի դինամիկ աճն Ադրբեջանի բնակչության շրջանում հատկապես վերջին տարիներին դրսևորվում էր գրեթե բոլոր սոցիալական, տարիքային շերտերում և հանրային կյանքի բնագավառներում՝ տարբեր աստիճանի հանցագործությունների տեսքով (կողոպուտներից, բռնաբարություններից մինչև ծանրագույն սպանություններ)՝ ընդհանրապես նպաստելով երկրում հանցավոր իրավիճակի աննախադեպ աճին: Բացի նշվածից, արտաքին թշնամու՝ մասնավորապես Հայաստանի և հայության դեմ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների քարոզած թշնամանքը, որը գործնական կիրառության հարթություն տեղափոխվելու հնարավորություն չէր ունենում, շարքային «հայրենասեր» ադրբեջանցու ինքնահաստատման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ միջավայր էր պահանջում, որն էլ ընձեռնվեց Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների միջոցով:
3. Գաղափարական դրդապատճառներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող գաղափարական տեսանկյունից միահեծան և անհանդուրժողական քաղաքականության հետևանքով երկրում առաջացած գաղափարական վակուումն արագորեն լցվեց Մերձավոր Արևելքում մեծ թափով վերելք ապրող իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով, որոնք պատճառ դարձան ոչ միայն հարյուրավոր ադրբեջանցիների՝ Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին ավելի զանգվածաբար կլանելու, այլև՝ առավելապես հենց Ադրբեջանի Հանրապետության ներսում նման գաղափարներով ուղղորդվող բջիջների, հանցավոր խմբավորումների ձևավորման համար:
4. Ժամանակի ընթացքում աստիճանական տրանսֆորմացիայի է ենթարկվել նաև ադրբեջանական իշխանությունների(քաղաքական, հոգևոր) դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում Բաքուն փորձում էր անուշադրության մատնել, հանրային լայն արձագանքի չարժանացնել ադրբեջանցիների՝ երկրից դուրս ընթացող հակամարտություններին ակտիվորեն մասնակցելու իրողությունը՝ նաև գաղափարական առումով փորձելով նման միտումներն ուղղորդել սեփական թշնամու՝ Հայաստանի դեմ, ապա հետագայում, նաև պայմանավորված անմիջականորեն թիրախավորված լինելու հանգամանքով, ադրբեջանական իշխանությունների գործողություններում գերակշռեց ծայրաստիճան աչալրջությունն ու զգուշությունը, խնդրից բխող սպառնալիքները ոչ թե ուղղորդելու, այլ անմիջապես կանխելու գործելաոճը:
Արդեն 2014թ. հունիսի 29-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) սուննի իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից Սիրիայում և Իրաքում լայնածավալ տարածքների վրա փաստացի «խալիֆայություն»՝ իսլամական կրոնապետություն հռչակելուց հետո երևույթի հոգեբանական և կիրառական ազդեցությունը տարածվեց նաև մուսուլմանական այլ երկրներում:
«Խալիֆայություն» հռչակելուց հետո ԻՊ-ի ներկայացրած հեռահար նպատակներն ու հավակնությունները, դրանք իրագործելու յուրօրինակ մոտեցումները, մասնավորապես իրենց հռչակած «ջիհադական» պայքարն առավելապես առանձին պետություններում ցանցային բջիջների ձևավորմամբ, ընդլայնմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք «մերձավոր թշնամու»՝ գործող վարչակարգերի դեմ ուղղորդելու մարտավարությունը դեռևս փոքր ծավալներով տեսանելի է նաև Ադրբեջանում: Այս հարցում ենթադրվում է կիրառել կառույցի կազմում հանդես եկող տասնյակ հազարավոր արտերկրացի զինյալների՝ իրենց բնօրրան գործուղելու, տեղերում քարոզչական բազա ստեղծելու և «ջիհադական» պայքար մղելու գործելաոճը:
Թերևս այս համատեքստում է, որ, ասենք, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, Նիգերիայում և այլ երկրներում նախկինում գործող տարբեր ազդեցության իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ հայտարարեցին ԻՊ-ին միանալու, նրա առաջնորդին՝ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հավատարմության երդում տալու մասին:
Վերոնշյալ միտումներն Ադրբեջանում խթան են հանդիսացել դեռևս փոքրաթիվ անդամներով, բայց լուրջ սոցիալական ներուժ ունեցող հանցավոր խմբավորումների առաջացման համար, մինչդեռ մեծ է հավանականությունը, որ երկրում նվազագույն բարենպաստ իրադրության, տարբեր պատճառներով ծագած անկայունության, քաոսային իրավիճակի պարագայում շատ ավելի լայն ընդգրկում ստանան՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Հեղինակ՝ արևելագետ Արմեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա