Բացի հայերին սեփական ձախողումներում մեղադրելուց, Ադրբեջանի իշխանությունը շրջանառում է նաև «իսլամատյացության» գործոնը. «Ազադլիգ»
Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանին վերաբերող քննադատական զեկույցները, միջազգային լրատվամիջոցների խիստ հոդվածները, երկրում կոռուպցիայի հետ կապված լրագրողական հետաքննություններն իշխանությունները ներկայացնում են` որպես «հայկական լոբբիի պատվեր»: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ինչպես նշվում է, իրավիճակն անգամ հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե իբր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս «ղեկավարվում է հայկական լոբբիի կողմից», իսկ երկրի ներսում ընդդիմության գործունեության մասին հայտարարում են, թե իբր վերջինս «դրամաշնորհ է ստանում հայկական լոբբիից»:
Սակայն, արդյունքում հակասական պատկեր է ստեղծվում, քանի որ միևնույն ժամանակ երկրի իշխանությունների վերին օղակներից մինչև պատգամավորներ միաբերան հայտարարում են, թե «Հայաստանում սով է», իշխանական հեռուստաալիքները հայտնում են` «Հայաստանը չքավորության գագաթնակետին է հասել»: Ադրբեջանի իշխանությունների առաջ քաշած տրամաբանությամբ ստացվում է, թե իբր «սովից մեռնող» «աղքատության եզրին հասած» Հայաստանը ղեկավարում է ամբողջ աշխարհը, ֆինանսավորում միջազգային հեղինակավոր կազմակերպություններին: Բացի այդ, նմանատիպ դիրքորոշմանը հակվելով` ստացվում է` Ադրբեջանի իշխանությունները խոստովանում են` արտաքին քաղաքականության հարթակներում պարտվել են Հայաստանին:
Այժմ էլ, ինչպես նշում է թերթը, Եվրոպական խաղերի նախաշեմին սեփական ժողովրդի դեմ բռնաճնշումներն արդարացնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները, բացի հերթական անգամ հայերին ու հայկական լոբբին մեղադրելուց, նոր արդարացման միջոց են գտել` թերևս գիտակցելով, որ «հայկական տարբերակը» երկրի ներսում արդեն ծիծաղելի են համարում:
Իշխանությունների նոր հավաստիացումների համաձայն` «Ադրբեջանի դեմ արշավը», քննադատական կարծիքներն այս անգամ էլ իսլամատյաց շրջանակների գործունեության արդյունք է: Ըստ այդ տեսակետի` Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր հրատարակությունների ու միջազգային կազմակերպությունների քննադատական հոդվածներն Ադրբեջանի իշխանությունների մասին բխում են իսլամատյաց դիրքորոշումից: Այնուհանդերձ, թերթն այս պարագայում էլ հակասություն է նկատում` ընդգծելով, թե նույն Ադրբեջանում հիջաբով աղջիկներին դպրոց չեն թողնում, իսկ հեղինակավոր աստվածաբանները շինծու մեղադրանքներով ճաղերի հետևում են և դասվել են քաղբանտարկյալների շարքին:
Ելնելով այս ամենից` ադրբեջանական թերթը եզրակացնում է, որ իշխանությունը պատրաստ է թշնամի հռչակել ամբողջ աշխարհին, միայն թե շարունակի թալանն ու մարդու իրավունքների ոտնահարումը երկրում:
Նյութեր թեմայի շուրջ`
«Հայատյացություն սնուցող գրականությունն ընդունվում է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից»
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին