Որ մեր երկրում, մեր գյուղերում տարածվի Կոմիտասի երաժշտությունը. Նոր աշխատություն՝ Կոմիտասի մասին
Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի ունեցավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» գրքի շնորհանդեսը:
«Գրքում փաստագրական և գեղարվեստական պատումի միջոցով Կոմիտասն ու հայ ժողովուրը ներկայացված են որպես մեկ էության, մեկ ճակատագիր, Կոմիտաս կյանքին և գործին միահյուսված են հայ ժողովրդի պատմական անցյալն ու ներկան, քաղաքական, հասարական, մշակութային կյանքը, ավադույթները, նիստուկացը, ծեսերը, հավատքն ու երազանքները: Գրքում ներկայացված է Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը, ինչպես նաև ինչ հզորություն ենք ունեցել այդ ողբերգությունից առաջ և ինչպես կոտրվեց մեր թևերը դրանից հետո»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահնազարյանը:
Նրա խոսքով, Կոմիտաս ասելով պետք է հասկանալ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջ մշակույթը երաժշտական լեզվով. «Կոմիտաս երևույթը միայն երաժշտություն չէ, մեր բնաշխարհն է նաև, մեր պատմությունը, հազարամյակների մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով»:
Արթուր Շահնազարյանը գրքի վրա աշխատել է երկու տարի. «Գիտական աշխատություն գրելու համար ավելի կարճ ժամանակ է անհրաժեշտ, իսկ լայն շրջանակների համար գրավիչ լեզվով գրելու համար անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի և գիտական կողմն ապահովված լինի, և բոլորին հասկանալի և պարզ»:
«Կոմիտաս» աշխատությունը հրատարակվել է պետական պատվերով «Զանգակ» հրատարակչության կողմից /խմբագիր` Սվետլանա Դանիելյան/: Գիրքը տպագրվել է 500 օրինակով: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
Շնորհանդեսի շրջանակում հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը:
Ա.Շահնազարյանն ասաց, որ Կոմիտասի ժառանգությունը հասարակությանը, աշխարհին հասանելի դարձնելու համար դեռևս խորհրդային տարիներից հրապարակվել են հոդվածներ, գրքեր, այսօր էլ շարունակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
«Սակայն ինչ էլ արվի, ամենակարևորն այն է, որ մեր երկրում, մեր գյուղերում, սահմանամերձ շրջաններում տարածվի Կոմիտասի երաժշտությունը: Առաջին հերթին պետք է նոր սերնդին ներկայացվի Կոմիտասի ժառանգությունը»,- ասաց կոմիտասագետը: