Երիտասարդական նվագախումբն «Ալ Բուստան» միջազգային փառատոնում հանդես է եկել «Անմուռուկով»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցում է Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Նվագախմբի համար այս տարվա մասնակցությունը խորհրդանշական էր. այն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով, ինչպես միշտ, այս անգամ էլ նվագախումբը հանդես է եկել կատարողական բարձր վարպետությամբ:
Նվագախումբը համերգներին ներկայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանով:
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ փառատոնի կազմակերպիչները լսեցին իրենց, համաձայնվեցին ու սատարեցին:
Նրա խոսքով, «Անմոռուկ» էր կրում ոչ միայն նվագաումբը, այլ նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
«Այս տարվա մեր ասելիքը բոլորին պարզ էր ու մարդիկ դա լավ հասկանում էին։ Մենք մեր երաժշտությամբ կարողացանք մարդկանց հասցնել մեր ասելիքը»,- ասաց նա:
Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ նվագախումբն արդեն 2016 թվականի հրավեր ունի. «Սա վկայում է, որ մեր նվագախումբն իր վարպետությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Դա մենք ցույց ենք տվել մեր աշխատաոճով»:
Նշենք, որ Երիտասարդական նվագախումբը փետրվարի 26-ից մարտի 10-ը փառատոնին հանդես է եկել 5 համերգով: Առաջին չորս համերգները ընթացել են փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ, իսկ մարտի 10-ին համերգը ղեկավարել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Երիտասարդական նվագախմբի հետ հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող վոկալիստներ` Կարմեն Ջանատասիոն, Նինո Սուրգալաձեն, Գոչա Դատուսանին և Արտուրո Չակոն-Կրուզը, ինչպես նաև, Կատյա Բունիաթիշվիլին /դաշնամուր/, Արաբելլա Շտայնբախերը /ջութակ/ և Սերգեյ Կռիլովը /ջութակ/: Ծրագրում ներառված էր Վ. Բելլինիի «Նորմա» օպերան, Ռախմանինովի, Պ. Ի. Չայկովսկու, Վ. Ա. Մոցարտի, Լ. Վ. Բեթհովենի ստեղծագործությունները։
Միջազգային հեղինակավոր այս փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի աշխարհի տարբեր ծայրերից։ Փառատոնի ծրագիրը ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային երաժշտություն, ինչպես նաև ջազ, արևելյան երաժշտություն, պարային և թատերական ներկայացումներ։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։ Ալ Բուստանն անդամ է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (European Festival Association- EFA), Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA)։
Նախորդող հրապարակումներ՝
Ջանլուկա Մարչիանո. Երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված
ՀՊԵՆ-ը Բեյրութում հանդես կգա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու